Լյուքս Ստեփանյանի մահվան գործը՝ վերաքննիչ դատարանում. ինչ է պահանջում ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանը վերաքննիչ դատարանից
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործը վերաքննիչ դատարանում է: Գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները բողոքարկել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Դ. Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և դիտավորությամբ Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ և 112-րդ հոդվածի 1-ին մաս): Առաջին հոդվածով նա դատապարտվել է` 13, երկրորդով՝ 4 տարի ժամկետով ազատազրկման:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, ամբաստանյալի պաշտպանը դատարանից պահանջում է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (զենքի հետ վարվելու կանոնների խախտումը, որը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս և որն անզգուշությամբ առաջացել է մարդու մահ) և նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` նշված հոդվածների սանկցիաների սահմաններում , կամ Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (սպանություն) և 120 հոդվածով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` նշված հոդվածների սանկցիաների սահմաններում , կամ ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2014թ. կայացրած` ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, բավարարել այդ միջնորդությունը և այդ հիմքով բեկանել 04.07.2014թ. դատավճիռը և քրեական գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, իսկ վերը նշված խնդրանքները չբավարարելու դեպքում նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել 04.07.2014թ. դատավճիռը և նրա նկատմամբ նշանակել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով և 112 հոդ. 1-ին մասով սահմանված նվազագույն պատիժները:
Քրեական գործը քննվելու է դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, Գրիշա Մելիք-Սարգսյանի և Գագիկ Ավետիսյանի մասնակցությամբ: Դավիթ Խաչատրյանն, ինչպես հայտնի է, պնդում էր, որ արձակված կրակոցը պատահականության արդյունք է, ընդունում է, որ իր կատարածը հանցագործություն է, սակայն նշում է, որ սպանություն չի կատարել: