Իհսանօղլուն մտահոգություն է հայտնել Թուրքիայում հավելյալ 18 միլիոն քվեաթերթիկ տպագրելու կապակցությամբ
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ` օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ-ի միջանկյալ հաշվետվության կապակցությամբ, ըստ որի` առաջիկա նախագահական ընտրությունների համար տպագրվել է հավելյալ 18 միլիոն քվեաթերթիկ:
Իհսանօղլուն ընդգծել է, որ դա ահռելի թիվ է` հաշվի առնելով, որ Թուրքիայում ընտրողների թիվը կազմում է 50 միլիոն մարդ: Նրա խոսքերով` անկասկած է, որ անհրաժեշտ էր պատրաստել որոշակի թվով հավելյալ քվեաթերթիկներ, որոնք կարող են վնասվել, սակայն ոչ 18 միլիոն հատ: Իհսանօղլուն կարծում է, որ այդչափ հավելյալ քվեաթերթիկ պատրաստելն ապօրինի է:
Նա հարց է բարձրացրել, թե ում հրամանով են պատրաստվել դրանք: ԵԱՀԿ-ի պատվիրակությունը` բաղկացած 28 անձից, Թուրքիա է ժամանել օգոստոսի 8-ին և հետևելու է վաղվա քվեարկության ընթացքին: Մերիչել Մատիե Պիի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայում մնալու է մինչև օգոստոսի 11-ը: