ՌԴ ԱԳՆ-ն իր «սև ցուցակում» ընդգրկել է ևս 12 ամերիկացու
Lenta.ru-ի փոխանցմամբ` ՌԴ ԱԳՆ-ն իր «սև ցուցակում» ընդգրկել է ևս 12 ամերիկացու: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Ռուսական «սև ցուցակում» ընդգրկվել են ամերիկացի այն պաշտոնյաները, որոնք ռուսական կողմի կարծիքով` մասնակից են Գուանտանամոյի հատուկ բանտում պահվող բանտարկյալներին կտտանքների ենթարկելու մեջ: Տվյալ բանտում պահում են նրանց, որոնց կասկածում են ահաբեկչությանը մասնակցելու մեջ:
Բացի այդ, «սև ցուցակում» հայտնվել են նաև ամերիկացի 10 գործող և պաշտոնաթող զինծառայողներ, որոնք 2003-2004 թվականներին Իրաքի Աբու Գրեյբ բանտում ծաղրել են բանտարկյալներին կամ էլ քողարկել են կատարած հանցանքները:
Ռուսական պատժամիջոցների տակ ընկածների թվում են հայտնվել դերծովակալ Ռիչարդ Բատլերը, ով ղեկավարում է Գուանտանամոյի բազան, ինչպես նաև Կոլումբիայի օկրուգի շրջանային դատարանի ավագ դատավոր Գլեդիս Կեսլերը, ով օրինական է ճանաչել Գուանտանամոյի հացադուլի բռնի դադարեցումը:
Լուկաշևիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նման իրենց «սև ցուցակը» նույնպես մնում է բաց: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի իրենք հրապարակել են «Գուանտանամոյի ցուցակը», որում ընդգրկվել է 18 մարդ, ինչը համապատասխանել է «Մագնիտսկու ցուցակում» ընդգրկված ռուսների թվին:
Լուկաշևիչն ընդգծել է, որ այս անգամ էլ իրենք տվել են համարժեք պատասխան` «սև ցուցակում» ընդգրկելով 12 ամերիկացու, որոնց մուտքը Ռուսաստան արգելվել է:
Լուկաշևիչը նկատել է, որ այն բանից հետո, ինչ Վաշինգտոնն իր «սև ցուցակը» տարածեց ՌԴ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմհանովի վրա, Մոսկվան էլ իր «սև ցուցակը» տարածել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Մորանի վրա, ով քանիցս մեղադրվել է ֆինանսական մեքենայությունների մեջ, սակայն ամեն անգամ նրան հաջողվել է խույս տալ պատասխանատվություն կրելուց: