Սեյրան Օհանյան. ՀՀ զինված ուժերի նպատակը խաղաղության պահպանումն է
Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ
– Այս տարվա ընթացքում մի քանի անգամ հայկական մամուլը գրեց ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից իրականացված գործողությունների մասին: Չնայած նման դեպքեր եղել են նաև նախկինում, բայց հիմա դրանք ավելի հաճախակի են դարձել: Ինչո՞վ եք բացատրում Ադրբեջանի կողմից նման դիվերսիաների կազմակերպման հաճախականության ավելացումը, և ի՞նչ խնդիր է դրանով լուծում Ադրբեջանը:
– Ադրբեջանը ցանկանում է մշտապես լարված պահել իրավիճակը շփման գծում, ինչն ունի և ներքին, և արտաքին դրդապատճառներ: Ներքին դրդապատճառներն ավելի պարզունակ են` բարձրացնել բանակի և հասարակության ոգին, կոտրել «պարտվողի» հոգեբանությունը, ցույց տալ իրենց զինված ուժերի «վճռական» կեցվածքը: Ինչ վերաբերում է արտաքին դրդապատճառներին, ապա դրանք նպատակ են հետապնդում բանակցային գործընթացում քաղաքական, ռազմական և հոգեբանական ճնշում գործադրել ինչպես` Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության, այնպես էլ, Հայաստանի և հայ հասարակության վրա: Մեր հարևանները չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ այս խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, և, որ Արցախի ժողովուրդը վաստակել է անկախ ապրելու իր իրավունքը:
Այսօր Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների և դիվերսիոն գործողությունների հաճախակիացումը պայմանավորված է միջազգային լարված իրադրության պայմաններում հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջիկա գործընթացներում հնարավորինս շահեկան դիրքերում հանդես գալու նկրտումներով, ինչպես արդեն նշեցի` ճնշումներ բանեցնելու միջոցով: Սակայն ակնհայտ է, որ այդ քաղաքականությունը փաստացիորեն արդյունք չի տալիս:
– Վերջին դիվերսիոն սկանդալն աչքի ընկավ նրանով, որ դիվերսանտները հարձակում էին գործել ոչ թե առաջապահ դիրքի վրա, այլ թափանցել էին ավելի խորը թիկունք: Քանի որ դիվերսանտներից երկուսը կենդանի են, պարզե՞լ եք, թե ինչ խնդիր է եղել դրված նրանց առջև, և արդյոք նրանք կարողացե՞լ են այն իրականացնել մինչև հայկական կողմից չեզոքացվելը:
– Ներկայումս դիվերսիոն խումբն ամբողջությամբ չեզոքացված է, և ձերբակալվածների հետ աշխատում են ԼՂՀ ուժային համապատասխան կառույցները, ինչի մասին երեկ եղել է հայտարարություն: Դիվերսիոն գործողություններ անմիջապես սահմանագծին մենք ավելի հաճախ ենք ունեցել, բայց խորը ներթափանցող որոշակի գործողություններ այնքան էլ շատ չեն եղել, չնայած մենք դրանք էլ ենք չեզոքացրել: Այս դեպքում ևս չեզոքացվեցին: Համապատասխան աշխատանքներից հետո մենք շատ հարցերի պատասխաններ ևս կունենանք:
– Ըստ ԶԼՄ հրապարակումների` դիվերսանտներից մեկը, որը ձերբակալվել է, երեք տարի շարունակ Հայաստանի տարբեր մարզերում առևտրով է զբաղվել: Մասնավորապես, տեղեկություններ են հրապարակվել, որ Կոտայքի մարզի բնակիչները պատմել են, թե դիվերսանտներից մեկը երեք տարի ձևանալով խուլ ու համր, առևտրով է զբաղվել: Ճի՞շտ են արդյոք այդ տեղեկությունները:
– Սա այն դեպքերից է, երբ անպատասխանատու լրատվամիջոցը տարածում է ինչ-որ նյութ, որի ծագումը, ստույգ լինելը մեծ կասկածի տակ է, և չեմ կարծում, որ հարցը քննարկման ենթակա է, առավել ևս` որոշակի պատասխանի:
– Տարբեր մարդիկ, այդ թվում և` մարտական գործողություններին մասնակցած վետերաններ, կասկած են հայտնում, որ գործ ունենք ադրբեջանական դիվերսանտների հետ, և ըստ նրանց, սա բանակի կողմից իրականացված բեմադրություն է` բանակի և նրա ղեկավարության հեղինակությունը բարձրացնելու համար: Ի՞նչ կասեք այդ կասկածների վերաբերյալ:
– Ես արդեն պատասխանել եմ այդ հարցին, որ պետք է հասարակության մեջ ստեղծել այնպիսի մթնոլորտ, իհարկե, նաև ձեր` լրատվամիջոցների միջոցով, որ հասարակությունը հասկանա` նման գործերում պետք է վստահել արհեստավարժներին, պրոֆեսիոնալներին: Ինչպես տեսաք, նրանց գործունեության արդյունքում է, որ դիվերսիոն խումբը չեզոքացվեց: Ցավում եմ, որ մեր մարտական ընկերներից շատերը, ովքեր ունեն մարտական գործողությունների մասնակցության փորձ, նման մեղադրանքներ են հնչեցնում` հիմնականում ելնելով իրենց քաղաքական հայացքներից (ցավում եմ, որ այսպիսի մթնոլորտ է ձևավորվել): Սակայն այս պարագայում նրանց ընդհանուր պատկերացումներն առաջնագծի և շատ այլ նուրբ հարցերի վերաբերյալ` որոշակի ձևով մնացել են անցյալում:
Ի վերջո, նրանք ավելի քան 20 տարի առաջ են իրականացրել մարտական գործողություններ: Աշխարհը զարգանում է, և պատերազմների կանոններն ու վարման ձևերը նույնպես շեշտակի փոխվում են: Զինված ուժերում ունենք համապատասխան ոլորտների արհեստավարժներ, ովքեր զբաղվում և կատարելագործվում են իրենց նեղ ուղղություններում:
Կարծում եմ` նման գնահատականներ տվողները և դիվերսիոն գործողությունները դիվերսանտի արտաքին տեսքով պայմանավորողները 180 աստիճանով սխալվում են: Ընդհակառակը, քաղաքացիական բնակչության շրջանում դիվերսիոն, ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար ընտրվում են այնպիսի անձինք, ովքեր ոչ թե արտաքնապես այդ գործողությունն ակնհայտորեն բացահայտելու տեղիք են տալիս, այլ կարող են առավելագույնս ինտեգրվել տեղացի բնակչության մեջ և մնալ աննկատ: Անհրաժեշտ է ուղղակի դրանք տարբերակել բուն ռազմական ստորաբաժանումների կողմից իրականացվող նմանատիպ գործողություններից:
– Համացանցում հայտնվել է 2013թ. նկարահանված մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցիներն այցելում են Քարվաճառում թաղված իրենց ընկերոջ շիրմին: Հնարավո՞ր է, որ այս դեպքում ևս գործ ունենք ոչ թե դիվերսանտների խմբի, այլ նման մի այցելության հետ: Որքանո՞վ են հայկական բանակի սպաները կամ զինվորները մասնակից նման այցերի կազմակերպմանը:
– Նման տեսանյութեր մենք պարբերաբար տեսել ենք, և այդ տեսանյութերով զբաղվել են համապատասխան մարմինները, նաև ուժային կառույցներ, յուրաքանչյուրն` իր մասով: Չեմ կարծում, որ դրանք մեկնաբանման կարիք ունեն: Նման տեսանյութեր էլի են եղել համացանցում Ադրբեջանի տարածքի հետախուզությունների վերաբերյալ, և, ինչպես արդեն նշեցի, սրանով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները:
– Հայկական առաջապահ ստորաբաժանումները շարունակում են մարտական կորուստներ կրել: Բանակի հրամանատարությունն այդ կորուստները կանխելու կամ դրա դեմ պայքարի միջոց է համարում այն, որ յուրաքանչյուր հայ զինվորի համար ադրբեջանական բանակը պետք է ավելի շատ մարդկային կյանքերով վճարի: Բայց նույն բանը հայտարարում է նաև ադրբեջանական բանակի հրամանատարությունը. ամեն մի ադրբեջանցի զինվորի կյանքի դիմաց` ավելի մեծ թվով հայ զինվորի կյանք: Ձեր կարծիքով` որքանո՞վ է այս մոտեցումը կանխում հայկական բանակի կորուստները, և արդյո՞ք այս մոտեցումը ստիպում է, որ ադրբեջանական կողմը ձեռնպահ մնա հայ զինվորներ սպանելուց:
– Մենք խաղաղության կողմնակից ենք, և ՀՀ զինված ուժերի հիմնական նպատակը խաղաղության պահպանումն է: Ինչպես գիտեք, միջնորդներին նույնպես առաջարկել ենք, և նրանք հավանության են արժանացրել. դիպուկահարների հետքաշում առաջնագծից, խախտումների քննություններ իրականացնել` նշելով համապատասխան մեղավորներին, և այլն: Մենք, ի սկզբանե, եղել ենք լիցքաթափման, դադարեցման կողմնակիցը: Օրինակ, երբ Մինսկի խմբի համանախագահներն օլիմպիադայի նախաշեմին մեզ դիմեցին հրադադարի խախտման հարցերը կարգավորելու խնդրանքով, ես անձամբ իմ անունից խոստացա, որ մենք չենք կրակի, և ոչ մի կրակոց հայկական կողմից չի լինի: Օրեր շարունակ հայկական կողմը բացարձակ ոչ մի կրակոց չարձակեց:
Վստահության մթնոլորտի կարգավորումը շատ կարևոր հարց է կոնֆլիկտների մեջ ամբողջ աշխարհում: Ինչ վերաբերում է ռազմատենչ հայտարարություններին կամ, ինչպես դուք եք ասում` մեկ զինվորի դիմաց. հարցը նրանում է, որ եթե հակառակորդը սանձարձակ է դառնում, այսինքն` մեր չկրակելու, վստահության մթնոլորտը բարձրացնելու գործողությունները հակառակորդը որպես թուլություն է ընդունում, ապա այդ ժամանակ, այո, պետք է պատժել:
Իսկ այդ թվաբանությունները` մեկը` տասի դիմաց, իմ կարծիքով` դժվար չէ հաշվել, թե իրականում որ կողմն է մեկի դիմաց ավելի շատ կորուստներ կրում: Ես թվեր չեմ նշի, մեր բոլոր կորուստները թափանցիկ են: Մենք տարվա սկզբից նշել ենք բոլոր կորուստները, և ընդամենը մի քանի րոպե համացանցում փնտրելով` դուք կարող եք ստանալ այդ կորուստների թիվը: Ադրբեջանական կողմի կորուստները ևս, եթե ոչ` հարյուր տոկոսով, ապա գոնե վաթսուն տոկոսով թափանցիկ են, կարող եք տեսնել և համեմատություններ անել:
– Նախագահ Սերժ Սարգսյանն արգենտինական մամուլին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը մտահոգված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի փաստերով: Մինչ այս հայկական կողմը նման մակարդակով մտահոգություն չէր հայտնում: Կարելի՞ է կարծել, որ զենքի մատակարարումներն այլևս մտահոգիչ չափերի են հասել` ստիպելով նախագահին հրապարակայնորեն արտահայտվել դրա մասին:
– Իրականում միշտ էլ այդ հարցը հնչել է, և մենք ասել ենք` դա մեզ որոշակիորեն անհանգստացնում է: Չեմ կարծում, որ պետք է այդպիսի հարցադրումներ անել, իրականում, այո, մտահոգություն միշտ եղել է: Ամեն դեպքում հակառակորդը զինվում է սպառազինությամբ: Մենք նշել ենք, որ, ըստ էության, ամեն դեպքում, չնայած վաճառքի հանգամանքներին, հայ-ռուսական ռազմական համագործակցության մակարդակը շատ ավելի բարձր հիմքերի վրա է դրված, և մենք իրականացնում ենք հստակ ծրագրեր: Մեզ պետք չէ համեմատել Ադրբեջանի հետ, մենք ասիմետրիկ սպառազինության ծրագրեր ունենք և մրցավազքի մեջ չենք մտնում նրանց հետ:
– Օրերս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ասաց, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` Ֆրանսիան չէր կարող չհարգել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից ամրագրված դրույթները, և Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին որևէ տեսակի զենքի վաճառք չի կարող լինել: Մինչդեռ Ռուսաստանը խախտում է այն: Ի՞նչ կասեք այս մասին:
– Յուրաքանչյուր գերտերություն ունի իր հստակ ծրագրերը` հատկապես զենքի վաճառքի վերաբերյալ, ինչն, ըստ էության, առնչություն ունի և՛ որոշակի քաղաքականության, և բիզնեսի հետ: Մենք չենք կարող մեկնաբանել, թե որ պետությունն ինչ սկզբունքով է շարժվում այս հարթությունում, հատկապես, որ այդ սկզբունքները քաղաքական բարդ մեկնաբանությունների կարիք ունեն: Մենք աշխատում ենք այդ հարթություն չմտնել: Ամեն դեպքում, օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆրանսիական կողմին` այս հարցում որդեգրած հստակ և հավասարակշռված քաղաքականության համար:
– Կարծիք կա, որ հարձակողական բնույթի մեծածավալ սպառազինություն վաճառելով Ադրբեջանին` Ռուսաստանն այդպիսով հայտարարում է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը, և իր համար ընդունելի չէ ղարաբաղյան ստատուս-քվոն։ Եթե Ռուսաստանը մեր գործընկերն է Հայաստանի անվտանգության առումով, իր այդ քայլով չի՞ ստացվում, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերը չէ Ղարաբաղի հարցի լուծման առումով, պարզապես ԼՂՀ հարցը օգտագործելով` տարածաշրջանային իր հարցերն է լուծում։
– Ես արդեն նշեցի, որ մենք մեր գործընկերոջ հետ ունենք ռազմական համագործակցության հստակ ծրագիր, այդ թվում և` սպառազինությունների մատակարարման և կրթության, անվտանգության ապահովման, ՀԱՊԿ շրջանակներում և այլ հարցերում: Քաղաքական հարթության մեկնաբանություն է, որը կարող է այս կամ այն կերպ մեկնաբանվել: Մենք կարող ենք ասել, որ իրավիճակը սահմանի վրա կայուն է, և այդ անվտանգությունն ապահովում են հայկական զինված ուժերը: Մենք այս դեպքում միջազգային անվտանգության ֆորմատներն ավելի լայն շրջանակների համար ենք դիտում տարածաշրջանային ավելի մեծ ուժերի հետ հարաբերակցությունների հարցում: Ադրբեջանի հետ հարցերը մենք ինքնուրույն կարող ենք լուծել: Ռուսաստանի քաղաքական դիրքորոշումը, կարծում եմ, պետք է մեկնաբանեն համապատասխան այլ կառույցները, իսկ անհատ մարդիկ կարող են ամենատարբեր կերպով մեկնաբանել դա:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում էր կատարել` նշելով, թե «Ստատուս-քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում», և ավելացրել, որ պատրաստվում է հանդիպել ԵԱՀԿ համանախագահներին` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը: Որքանո՞վ Ուորլիքի այս հայտարարությունը և ադրբեջանական կողմի սադրանքները կապ ունեն միմյանց հետ:
– Ձեր նախորդ հարցի և Ուորլիքի գրառման հետ կապված` կարող եմ ասել, որ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումներն այս հարցում այնքան էլ չեն փոխվել: Նախորդ համանախագահները պարբերաբար հանդես են եկել այդ հայտարարությամբ, ինչը բխում է իրենց առաջ քաշած մադրիդյան սկզբունքներից: Սա իրենց տեսակետն է, սա բանակցային պրոցես է, իսկ բանակցային պրոցեսը երբեք միակողմանի չի թելադրվում, դա հիմնականում լինում է փոխըմբռնման մթնոլորտում, կողմերի` զիջելու, ընկալելու, միմյանց հարգելու սկզբունքների հիման վրա, ինչը մենք էլ ենք առաջ քաշել, ուղղակի այդ դետալիզացված տարբերակները, թե ով ինչ պիտի զիջի, ով ինչի է պատրաստ, դա պետք է լինի համապատասխան հարգանքի և փոխհամաձայնության մթնոլորտում:
– Տեսակետ կա, որ Ադրբեջանի կողմից սադրանքների նպատակը հենց ստատուս-քվոյի փոփոխմանը հասնելն է: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:
– Ադրբեջանի կողմից սադրանքները կարող են լինել ամենատարբեր պատճառներով: Այո, ինչո՞ւ չէ, նաև ստատուս-քվոյի փոփոխության, որը կարող է ենթադրել ոչ միայն փոքր փոփոխություններ, այլև մեծ հաշվարկներ: Ադրբեջանը մշտապես գնացել է դրան տարբեր հաշվարկներով, և ոչ միայն մեկ թիրախային նպատակով` թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի, թե՛ տարբեր հարցերի լուծման համար, թե՛ իրենց մարտունակության բարձրացման, թե՛ մեզ հետախուզելու և ամենատարբեր ռազմական և քաղաքական պատճառներով:
– Ստատուս-քվոն այլընտրանք ունի՞ արդյոք:
– Ստատուս-քվոյի այլընտրանքը հենց բանակցային գործընթացն է, և բանակցային գործընթացն ինքն այդ այլընտրանքն է, որ պիտի բերի հաջողության: Մենք վստահում ենք այդ գործընթացին և համաձայն ենք, որ պետք է նման փոխըմբռնման մթնոլորտում խնդիրը կարգավորվի:
– Ադրբեջանը Հայաստանին մղում է սպառազինությունների մրցավազքի, քանի որ տիրապետելով նյութական ավելի մեծ հնարավորությունների` կարող է հույս ունենալ հաղթել այդ մրցավազքում: Որքանո՞վ է իրատեսական, որ այդ մրցավազքում Ադրբեջանը կարող է հասնել շոշափելի հաջողության:
– Ադրբեջանի մրցավազքի հրահրումը և հույսը մեծ գումարների վրա դնելը աշխարհում նոր երևույթ չէ, դա Ադրբեջանի գյուտը չէ: Շատ հակամարտություններ են եղել, որ կողմերից մեկը փորձել է մրցավազքի միջոցով հասնել հաջողության` մեծ ռեսուրսների տիրապետելով, ուղղակի պատերազմների փորձը ցույց է տվել, որ դա ոչ թե երբեմն, այլ գերազանցապես հաջողության չի բերել, որովհետև շատ ավելի կարևոր որակներ են հարկավոր, քան նյութական միջոցների հաշվին սպառազինությունների մրցավազք կատարելը, և պետք է հասկանալ, որ կան օրինակներ, ընդ որում, իրենց իսկ պատմությունից օրինակներ, որոնցից պետք է դաս քաղել:
Ինչպես տեսնում եք, այդ մրցավազքն առարկայորեն տեղից շարժված է, և դա վաղուց է իրականացվում Ադրբեջանի կողմից: Ես միշտ նշել եմ և նորից նշում եմ` չի կարող բանակը լինել ավելի ուժեղ մայրաքաղաքում, կենտրոնում, իսկ սահմաններում` ավելի թույլ: Եթե Ադրբեջանը մտել է նման մրցավազքի մեջ, եթե Ադրբեջանը մի քանի տարի շարունակ մեծ գումարներ է ներդրել և մեծ սպառազինություններ է ձեռք բերել, ապա որտե՞ղ է երևում այդ առավելությունը, երբ սահմանագծի վրա թելադրողը միշտ լինում է հայ զինվորը, երբ որ սահմանագծի վրա ադրբեջանական բոլոր դիվերսիաները խափանվում են, տապալվում են, երբ ադրբեջանական բանակը միշտ ստանում է հակահարված, կանխարգելիչ հարված, միշտ մնում է ճնշվողի դերում, միշտ ունենում է ավելի մեծ կորուստներ, բոլոր ծրագրերը խափանվում են, որտե՞ղ է երևում հաղթելու այդ հաջողությունը, հույսը:
– Ադրբեջանն անընդհատ աշխատանքներ է կատարում իր ռազմական արդյունաբերությունը զարգացնելու և այդ իմաստով` հնարավորինս ինքնաբավ դառնալու ուղղությամբ: Ի՞նչ ձեռքբերումներ ունի Հայաստանն այս առումով:
– Ցանկացած պետություն, մանավանդ, եթե ունի հակամարտության հարց, փորձելու է ունենալ ինքնաբավության որոշակի աստիճան, մասնավորապես, ռազմարդյունաբերության ոլորտում: Եթե մենք շատ չենք բարձրաձայնում այդ մասին, չի նշանակում, որ մենք ևս չենք աշխատում այդ ուղղությամբ: Ռազմարդյունաբերությունը միայն գումար չէ, նաև համապատասխան գիտահետազոտական միտք է, համապատասխան դպրոց է, և մենք ևս աշխատում ենք այս ուղղությամբ:
Այսօր Պաշտպանության նախարարության կազմում կա Ռազմարդյունաբերության վարչություն, և մենք հետևողական աշխատանքներ ենք տանում վարչության ընդհանուր աշխատանքների արդյունքների բարելավման ուղղությամբ: Կա հայեցակարգ, որի համաձայն` դա կատարվում է, և շատ հնարավոր է նաև ստատուսի փոփոխություն, այդ թվում և` վարչության պետական նշանակության, իր դերի, համապատասխան ֆինանսական միջոցների ծավալների, համագործակցության շրջանակներում` նաև մեր գործընկեր պետությունների հետ համապատասխան: Մենք ռազմարդյունաբերության կողմից բավարարում ենք մեր պահանջարկների որոշակի մասը, նաև որոշակի սպառազինություն և սարքավորումներ, որոնք կապված են զենքի ղեկավարման և կիրառման, ինչպես նաև` այլ հանգամանքների հետ: Սա պրոցես է, որը ոչ միայն գումար է պահանջում, այլև պահանջում է համապատասխան միտք, ավանդույթներ, դպրոց:
– Կա տեսակետ, որ Ռուսաստանը սակարկում է Ադրբեջանի հետ` առաջարկելով Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դիմաց: Հայկական բանակի հրամանատարությունը հնարավոր համարո՞ւմ է մի սցենար, որ Հայաստանն իր և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է պաշտպանի ոչ թե Ռուսաստանի օժանդակությամբ, այլ Ադրբեջան-Ռուսաստան դաշինքից:
– Մեր քաղաքական ղեկավարությունը գերագույն գլխավոր հրմանատարի նախագահությամբ իրականացնում է համապատասխան քաղաքականություն, և այդ քաղաքականության շրջանակներում մենք ունենք համապատասխան ռազմական դաշինք, գործընկերներ, որոնց հետ իրականացվում է հստակ մշակված աշխատանք: Լեռնային Ղարաբաղի գործընթացն ունի հստակ կարգավորման պրոցես, և այդ պրոցեսը զարգանում է` անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչքանով է դրանից գոհ կամ դժգոհ:
– Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում դեռևս հունիսին նշել էիք, որ այսօր պատերազմի նախանշաններ չկան: Այսօր ի՞նչ կասեք այդ մասին, և որքա՞ն ժամանակ դեռ կարող է շարունակվել սահմանամերձ շրջաններում, ԼՂՀ-ի հետ շփման գծում և Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններում լարվածությունը:
– Քանի դեռ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը չգիտակցի, որ սադրանքները հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացին չեն աջակցի: Լարվածությունն Ադրբեջանի իշխանության վարած քաղաքականության դրսևորումն է, և այն շարունակվում է նրանց դրդմամբ: