Բաժիններ՝

Հունաստանը մտադիր է մեկ միլիարդ դոլար ծախսել իր ռազմական տեխնիկայի արդիականացման վրա

Jane’s-ի փոխանցմամբ` Հունաստանի ՊՆ-ը մտադիր է առնվազն մեկ միլիարդ դոլար ծախսել առկա սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդիականացման վրա: Համապատասխան ծրագիրը ներկայումս դիտարկում է խորհրդարանի` պաշտպանական գնումների գծով հանձնաժողովը:

Ակնկալվում է, որ արդիականացման ծրագիրը կարող է հաստատվել արդեն 2014 թվականի հուլիսի վերջին: Դրանից հետո Հունաստանի ՊՆ-ը կհայտարարի մի շարք մրցույթներ, որոնց արդյունքներով էլ կստորագրվեն տեխնիկայի արդիականացման մասին պայմանագրեր:

Ակնկալվում է, որ համաձայնագրերը կստորագրվեն մինչև ընթացիկ տարեվերջ: Հունաստանի ՊՆ-ի հաղորդմամբ` միջոցների մի մասն ուղղվելու է M270 համազրկային կրակի 36 ռեակտիվ համակարգի արդիականացմանը: Դրանք կստանան արձակման նոր սարքեր և կրակի ղեկավարման համակարգեր:

Բացի այդ, պլանավորված է միջոցների մի մասը ծախսել ԱՄՆ-ից Հունաստան Oshkosh HEMTT զրահամեքենաների փոխադրման վրա: Այդ մեքենաները հույն զինվորականներին կհատկացվեն անվճար:

Զինվորականները մտադիր են նաև 150 միլիոն եվրո ծախսել Leopard 2 հիմնական մարտական տանկերի համար 120 միլիմետր տրամաչափի 30.000 արկի գնման վրա: 400 միլիոն եվրո ծախսվելու է MEKO 200HN նախագծի 4 ֆրեգատի միջնաժամկետ արդիականացման վրա:

Աշխատանքներն իրականացնելու են տեղի ձեռնարկությունները: Հունաստանը պլանավորել է 350 միլիոն եվրո ծախսել P-3B Orion առափնյա 4 պարեկային ինքնաթիռների կատարելագործման վրա: Հունաստանի ՊՆ-ը մտադիր է նաև կապիտալ վերանորոգել S-70B Seahawk տիպի 11 բազմանշանակ ուղղաթիռներն ու «Էլլի» տիպի 9 ֆրեգատները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս