«Դերասանություն մի արա». Ստեփանավանում տղամարդու սպանության համար դատարանը մեղավոր է ճանաչել ռուս կնոջը
Առաջին ատյանի դատարանն ազգությամբ ռուս կնոջը մեղավոր է ճանաչել սպանության մեջ և նրան դատապարտել 8 տարի ժամկետով ազատազրկման:
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ սպանել է մի տղամարդու:
Ինչ է հաստատված համարել դատարանը
Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ դատարանը, որ դեպքի օրը տղամարդը մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործած վիճակում, առանց հրավերի գնացել է ազգությամբ ռուս կնոջ բնակարան, բաց դռնով մուտք գործել նրա տուն: Կինը նույնպես գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում՝ նրան դուրս է հրավիրել, որի հետևանքով նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում տղամարդը հայհոյանքներ է տվել ամբաստանյալ կնոջ հասցեին, ասել, որ իր նման տղային դուրս չեն անում, որ նա դա չի մարսելու:
Դատարանն ապացուցված է համարել, որ կինը տղամարդու ձեռքից բռնելով՝ քաշել, դուրս է հանել տանից: Փոխադարձ քաշքշուկի ընթացքում տղամարդը հրել է ամբաստանյալ կնոջը, ով գլորվել է աստիճաններով: Ընկած ժամանակ տղամարդը ոտքով հարվածել է նրան: Այդ ամբողջի հետևանքով ամբաստանյալ կինը ստացել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Իսկ տղամարդը հեռացել է:
Դատարանը հաստատված է համարել նաև, որ քիչ անց ամբաստանյալ կնոջ հեռախոսին անծանոթ համարից զանգ է եկել: Վերջինս չի հասցրել պատասխանել, նույն համարով հետ է զանգահարել: Զանգին պատասխանել է տղամարդը, նրանք հեռախոսով կրկին սկսել են վիճաբանել: Որոշ ժամանակ անց ամբաստանյալ կինը, պատուհանից տեսնելով տղամարդուն, որն իջել է շքամուտքի աստիճաններով, մտածել է, որ նա կրկին ցանկանում է իր տուն գալ, և վերցնելով խոհանոցային դանակը՝ դուրս է եկել տնից և արագ քայլերով, գրեթե վազելով ընդառաջ գնացել տղամարդուն: Շենքի բակում հանդիպել է նրան: Նրանց միջև կրկին վիճաբանություն է ծագել զանգելու կապակցությամբ, որի ընթացքում տղամարդը նորից հայհոյել է ամբաստանյալ կնոջը: Դատարանը հաստատված է համարել, որ վիճաբանության ընթացքում կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, իր տանից նախապես վերցրած դանակով կինը մեկ անգամ հարվածելով վերջինիս կրծքավանդակի ձախ կեսի շրջանում՝ սրտի ուղղությամբ, սպանել է նրան:
Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը
Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ կինը որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել, որ իր հեռախոսահամարին զանգահարել է տղամարդը, որի պատճառով ինքը գնացել ու առանց պատճառի, ձեռքին եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակի վերևի մասին: Այն հարցին, թե ինչ նպատակ է հետապնդել տղամարդուն դանակով հարվածելու ժամանակ, կինը պատասխանել է, որ տղամարդուն միամտացրել է, նա չէր սպասում, որ կհարվածի դանակով, իսկ թե ինչ պատճառով է նրան հարվածել դանակով, հրաժարվել է պատասխանել, սակայն նշել է, որ կատարածի համար զղջում է:
Այնուհետև, նույն օրը կինը որպես կասկածյալ լրացուցիչ ցուցմունք է տվել, որ Ստեփանավանի Ձորագետի կիրճում ընկերուհու, իր որդու հետ նշել են վերջինիս ծննդյան օրը և օգտագործել են ալկոհոլային խմիչքներ, որից հետո խնջույքը շարունակվել է իր տանը: Երեկոյան իր տան դուռը թակել է հարևան շենքի բնակիչ տղամարդը, որը ցանկացել է մասնակցել իրենց խնջույքին, սակայն ինքը նրան մերժել և տան դուռը չի բացել: Մոտ 10-15 րոպե անց կրկին իր տուն է եկել տղամարդը, ինքը նրան ճանապարհել է մինչև շքամուտքի աստիճանները, որտեղ վերջինիս կողմից իրեն հրելու պատճառով՝ աստճանների վրա գլորվելով, ստացել է մարմնական վնասվածքներ:
Դրանից հետո տղամարդը գնացել է իր տուն:
Շուրջ 25 րոպե անց իր հեռախոսահամարին անծանոթ հեռախոսահամարից զանգ է եկել և զանգահարողը ներկայանալով որպես «Վնաս», իրեն հայհոյել է: Անջատել է հեռախոսը, պատուհանից նայել և տեսել է, որ տղամարդը նայում է դիմացի շենքի պատուհանից, նրան հարցրել է, թե ինչ պատճառով է իրեն հայհոյում, վերջինս պատասխանել է, որ լավ է անում: Դրանից զայրանալով՝ տանից վերցրել է խոհանոցային դանակը և գնացել դեպի տղամարդու շենքի շքամուտքի ուղղությամբ:
Շքամուտքի դիմաց՝ աստիճանահարթակում, հանդիպել է նրան, որի ձեռքին որևէ առարկա չի եղել, վերջինս սպառնացել է իրեն սպանել, իսկ ինքը նրան վախեցնելու նպատակով ձեռքում եղած դանակով վերևից ներքև մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակի վերևի ձախ հատվածին: Հարվածելու նպատակը նրան վախեցնելն է եղել, որ իր հետ գործ չունենա: Հարվածից հետո, ըստ կնոջ ցուցմունքի, տղամարդը նստել է նստարանին, այնուհետև կանգնել, ապա դեմքի վրա վայր է ընկել փայտե հատակին:
Այն հարցին, թե ինչ պատճառով է դանակով հարվածել տղամարդու կոնկրետ կրծքավանդակի ձախ հատվածին, կինը պատասխանել է, որ այդպես է հարմարվել:
Որպես մեղադրյալ հարցաքննվելու ժամանակ կինն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում, ասելով, որ տղամարդուն սպանելու դիտավորություն չի ունեցել, միայն ցանկացել է վախեցնել նրան, որ իր տուն չգա: Մասնավորապես նշել է, որ որդու ծննդյան օրվա կապակցությամբ, վերջինիս, նրա դասընկերոջ և իր ընկերուհու, նրա որդու մասնակցությամբ Ստեփանավան քաղաքի Ձորագետ գետի կիրճում խնջույք են արել, որի ժամանակ օգտագործել են ալկոհոլային խմիչքներ: ինքը որդու և ընկերուհու հետ վերադառնալով տուն, շարունակել է խնջույքը, որի ընթացքում ևս օգտագործել է ալկոհոլային խմիչք:
Այդ ընթացքում իր տան դուռը թակել է հարևան շենքի բնակիչը, սակայն տան դուռը չի բացել, ու նա գնացել է: Ինքը մտել է բաղնիք և որոշ ժամանակ անց, երբ դուրս է եկել այնտեղից, տեսել է իր տանը տղամարդուն, նրան հարցրել է, թե ինչպես է մտել տուն, վերջինս պատասխանել է, որ բաց դռնով, որից հետո նա դրամապանակից հանել է 1.000 դրամ և առաջարկել է այն վերցնել՝ որդու ծննդյան օրվա կապակցությամբ: Հրաժարվել է այն վերցնել և պահանջել է դուրս գալ իր տանից: Տեսնելով, որ նա իր պահանջը չի կատարում, ձեռքով բռնել է նրա թևից, քաշելով տանից հանել է շքամուտքի աստիճանների մոտ, որտեղ նա իրեն հրել է, ինքը բռնվել է նրա թևերից, սակայն նա կրկին հրել է, որի պատճառով աստճանների վրա գլորվելով, ստացել է մարմնական վնասվածքներ մարմնի տարբեր մասերում:
Ընկած վիճակում տղամարդը մոտեցել է իրեն և մի քանի անգամ հարվածել իր մարմնին, ապա հայհոյելով հեռացել: Ոտքի կանգնելով՝ գնացել է իր տուն: Որոշ ժամանակ անց իր հեռախոսահամարին անծանոթ հեռախոսահամարից զանգ է եկել, չի հասցրել այն վերցնել, հետ է զանգահարել: Զանգահարողը ներկայանալով որպես «Վնաս» (դա տղամարդու մականունն էր)՝ իրեն հայհոյել է՝ իր տանից հանելու համար: Ինքն անջատել է հեռախոսը:
Սեղանը հավաքելով՝ պատուհանից կատվի համար կերակուր է բակ գցել, որի ընթացքում տեսել է, որ տղամարդն իր բնակարանի պատուհանի մոտ ծխում է: Վերջինս իրեն ասել է, որ պատասխան է տալու տանից հանելու համար, սպառնացել է սատկացնել, ասել է՝ «Վիզդ հնդուշկի նման պոկելու եմ», իսկ ինքը նրան ասել է, որ՝ հանգիստ պահի, հեռու մնա, հակառակ դեպքում նրա քրոջը կտեղեկացնի:
Այնուհետև տեսել է, որ տղամարդը մտել է տուն, որից հետո շքամուտքի պատուհանով տեսել է, որ նա շքամուտքի աստիճաններով իջնում է բակ: Ենթադրելով, որ իր տուն է գալիս, սեղանի վրայից մեխանիկորեն վերցրել է դանակը՝ տղամարդուն վախեցնելու, նրա իր տուն գալը խափանելու համար: Քնած որդուն չարթնացնելու համար դուրս է եկել իր տանից շենքի բակ և այնտեղ տեսնելով, որ տղամարդը շքամուտքում է, վազել է նրան ընդառաջ և նրա շքամուտքի դրսի աստիճանների առջևի հատվածում հասել նրան: Չի հիշում, նրա ձեռքին որևէ առարկա եղե՞լ է, թե՞ ոչ: Տղամարդն իրեն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, ինքը պատասխանել է նրան, որից հետո ձախ ձեռքում բռնած դանակով, չի հիշում, թե ինչպես, հարվածել է տղամարդուն: Հարվածելու պահին եղել են իրար դեմ ուղիղ կանգնած, տղամարդը ձեռքերով անկանոն շարժումներ է կատարել: Արյուն տեսնելով նրա դոշին՝ շպրտել է դանակը խոտերի մեջ: Կատարվածից ընկել է շոկի մեջ: Մի քանի րոպե անց տեսել է տղամարդուն շքամուտքի պատշգամբում նստարանին նստած, ապա նա դեմքի վրա ընկել է հատակին:
Նշել է, որ եթե տղամարդուն սպանելու նպատակ ունենար, մի քանի անգամ կհարվածեր նրան դանակով, կամ առաջին հարվածից հետո, երբ նա շրջվել է, թիկունքից կհարվածեր: Ինքը դա չի ցանկացել, միայն ցանկանում էր, որ տղամարդը դանակը տեսնի իր ձեռքում, վախենա և գնա:
Դատաքննության ժամանակ կինը ցուցմունքներ է տվել, որ բակում տղամարդուն տեսնելով, թե ով է իր համարը տվել նրան, և ինչու է զանգել, նա էլ պատասխանել է, որ լավ է արել, ու սկսել է հայհոյանքներ տալ իր, իր մոր հասցեին: Հետո առաջ է եկել ու մարմնով անկանոն շարժումներ կատարել: Չի հասկացել, թե ինչ է այդ պահին իր հետ կատարվել, միայն տեսել է, որ նրա վրայից արյուն է գալիս, տղամարդն էլ ասել է. «էս խփեցիր»: Ինքը մի պահ սառել է, մոտ 2-3 րոպե գամված մնացել տեղում, չհասկանալով, թե ինչ է կատարվել, ապա դանակը շպրտել է խոտերի մեջ: Հարևանը իր տանից սկսել է բարձր գոռալ. «Խփեց, սպանեց», իսկ տղամարդն էլ ասել է. «Ինչ ես ձայնդ գլուխդ գցել»:
Սթափվելով՝ ինքը սկսել է օգնություն խնդրել, տղամարդն ընկել է գետնին, իսկ ինքը շարունակել է օգնություն խնդրել, բայց ոչ մեկը չի մոտեցել: Ինքն այդ ժամանակ որևէ մեկին չի սպառնացել:
Քաշքշել է Կարենի ձեռքերից, ասել՝ «դերասանություն մի արա», չի հավատացել, որ նրա հետ լուրջ բան է կատարվել: Որոշ ժամանակ անց եկել է շտապօգնությունը, ինքն օգնել է բժիշկներին շրջել տղամարդուն: Բժիշկները ստուգելով՝ ասել են, որ նա մահացած է, ինքը չի հավատացել և շարունակել է օգնություն խնդրել: Դրանից հետո եկել են ոստիկանները, իր ձեռքերը ոլորել, քաշքշել մազերից, մի ոստիկան էլ հարվածել է դեմքին: Ինքը դրանից զայրացել է, սկսել է գոռգոռալ, որ բաց թողնեն իրեն, ասելով, որ ինքնակամ կնստի մեքենա: Երբ իրեն տարել են Ոստիկանություն, շատ վատ հոգեվիճակում է եղել, ոչինչ չի գիտակցել, չի հասկացել, թե ինչ է գրում:
Տղամարդուն սպանելու կամ առհասարակ նրան վնասելու ոչ մի ցանկություն չի ունեցել, թե ինչպես է ստացվել, որ դանակով վնասել է, ոչ մի կերպ չի կարող բացատրել:
Այդ օրն ինքն էլ մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել տղամարդու հարվածների հետևանքով: Կինն ասել է, որ կատարածի համար զղջում է, կնախընտրեր նրա փոխարեն ինքը լինել:
Ինչ ցուցմունք են տվել վկաները
Գործով վկաներից մեկը դատաքննության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ դեպքի օրը երեկոյան իրենց բաց պատուհանով լսել է հայհոյանքներ, իսկ ամբաստանյալ կնջը տեսել է խելագարի պես այս ու այն կողմ գնալուց: Քանի որ մութ է եղել, նրա ձեռքին դանակ չի տեսել: Հետո տեսել է, որ տղամարդը դուրս է գալիս իրենց շքամուտքից: Ամբաստանյալ կինը մոտեցել է նրան, սկսել է հայհոյել ու հարցրել է. «դո՞ւ էս ինձ զանգել, թե՞ համարս ուրիշին ես տվել»: Տղամարդը շատ հանգիստ պատասխանել է. «մորս արև, խաբար չեմ»: Հետո լսել է, որ տղամարդն ասաց. «վախ, խփիր»: Ինքը հարևանից լապտեր վերցնելով՝ իջել է բակ: Տղամարդը նստած է եղել նստարանին, իսկ ամբաստանյալ կինն այնքան շարժել է նրան, որ գցել է գետնին: Կարենի բերանը բաց վիճակում էր, իսկ լեզուն՝ անբնական մեծացած: Երբ իջել է ներքև և ցանկացել մոտենալ տղամարդուն, կնոջ ձեռքին դանակ է տեսել և վախեցել է մոտենալ:
Ըստ դատարանի վճռի՝ վկան ասել է, որ խփելուց հետո էլ կինը չէր հանգստացել, դանակը ձեռքին քայլում էր՝ ասելով. «մոտիկ չգաք, ձեզ էլ կխփեմ», ու անընդհատ կրկնում էր. «դերասանություն մի արա, վեր կաց», չէր հավատում, որ սպանել է: Այդ պահին կինն այնպիսի վիճակում էր, որ չէր գիտակցում, թե ինչ է կատարվում, իրեն գժի նման էր պահում, անցնող մեքենաների հետևից գոռում էր. «կանգնեք, մի փախեք», հայհոյանքներ էր տալիս: Նրանից վախենալով՝ չէին համարձակվում մոտենալ: Միայն շտապօգնության գալուց հետո մարդիկ համարձակվեցին մոտենալ տղամարդուն: Ինքն այդպես էլ չի մոտեցել:
Մեկ այլ վկա դատաքննության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ լսելով «սպանեց-սպանեց» արտահայտությունը, տանից դուրս է եկել: Հարևանն ասել է, որ կինը խփել է, ինքը ցանկացել է մոտենալ, օգնել, սակայն հարևանն ասել է, որ կինը թույլ չի տալիս, որ մոտենան: 3-4 րոպե անց շտապօգնությունը և ոստիկանները եկել են, որից հետո իմացել են, որ տղամարդն արդեն մահացած է: Տղամարդուն հեռվից է տեսել, իսկ կինը մինչև ոստիկանների գալը եղել է նրա կողքին: Միայն լսել է, որ կինն ասում է. «չի մահացել, ստից է անում»:
Վկան դատարանում ասել է, որ ամբաստանյալ կնոջ կողմից ոչ մի սպառնալիք կամ հայհոյանքներ հավաքվածներին ուղղված չի լսել, նրա ձեռքին դանակ չի տեսել:
Իսկ սպանված տղամարդն ուներ ֆիզիկական արատներ, որպես մարդ՝ լավ մարդ էր, նրա մասին վատ ոչինչ չի կարող ասել: Իսկ ամբաստանյալ կնոջ հետ ընդհանրապես չի շփվել: Նա ալկոհոլ օգտագործում էր, հարբած վիճակում դրսում տեսել է, այդ օրն էլ նա խմած է եղել:
Քննիչին ասել է, որ ինքն ամբաստանյալից սպառնալիքներ չի լսել, իսկ թե նա ինչպես է արձանագրել, որ ինքն է կնոջից սպառնալիքներ լսել, չի կարող ասել: Նախաքննական ցուցմունքները գրել է քննիչը: Վերջինս իրեն հարցեր է տվել, ինքն էլ պատասխանել է, վերջում ցուցմունքները չի կարդացել, միայն ստորագրել է:
Փորձաքննության եզրակացություն
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տղամարդու մահվան պատճառն է հանդիսացել արյան սուր կորուստը, որր պայմանավորված է եղել կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վնասվածքով, սրտապարկի և ստորին քներակի վնասումով, հեմոպերիկարդով, ձախակողմյան հեմոթորակսով, արտաքին և ներքին սուր արյունահոսությամբ: Նրա դիակի վրա հայտնաբերվել են կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերք, սրտապարկի և ստորին քներակի վնասումով, հեմոպերիկարդ, ձախակողմյան հեմոթորակս, որոնք պատճառվել են մահվանից կարճ ժամանակ առաջ ծակող-կտրող գործիքով, հնարավոր է՝ նաև դատաբժշկական փորձաքննությանը ներկայացրած դեպքի վայրի զննությամբ առգրավված դանակով, և գտնվում են անմիջական պատճառական կապի մեջ մահվան պատճառի հետ և նման վնասվածքները կենդանի անձանց մոտ պարունակում են առողջության ծանր վնասի հատկանիշներ:
Հայտնաբերվել են նաև քերծվածքներ ձախ ճակատային թմբկության, քթի մեջքի, ձախ ծնկահոդի շրջաններում, արյունազեղում աջ բազկի շրջանում, որոնք պատճառվել են կենդանության օրոք նշված ժամկետում բութ կոշտ առարկաների ներգործությամբ, մահվան պատճառի հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում և նման մարմնական վնասվածքները կենդանի անձանց մոտ առողջության թեթև հատկանիշներ չեն պարունակում: Քերծվածքների միանվագ առաջացումը հնարավոր է մարմնի սեփական բարձրությունից վայր ընկնելու հետևանքով, իսկ ծակած-կտրած վերքը և աջ բազկի արյունազեղումը բացառվում է առաջնային մարմնի սեփական բարձրությունից վայր ընկնելու հետևանքով:
Վնասվածքը պատճառելու պահին տղամարդը և վնասվածք պատճառողը կարող էին գտնվել ցանկացած դիրքում՝ դանակի ծայրն ուղղված դեպի տղամարդու կրծքավանդակի ձախ կեսը: Վնասվածքը ստանալուց հետո նա կարող էր կատարել ինքնուրույն ֆիզիկական լարում պահանջող գործողություններ (քայլել, գոռալ, խոսել և այլն) կրծքավանդակի շրջանից ծակած-կտրած, թափանցող վնասվածք ստանալուց հետո կարճ ժամանակահատվածում:
Ըստ փորձաքննության՝ տղամարդու դիակից վերցված արյան մեջ հայտնաբերվել է 5,8 պրոմիլե էթիլ սպիրտ, որի նման քանակությունը կենդանի անձանց մոտ կարող է հանգեցնել մահացու ալկոհոլային թունավորման:
Մեկ այլ փորձաքննության եզրակացության համաձայն՝ ամբաստանյալ կինը ստացել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող աջ բազկի, աջ նախաբազկի, ձախ բազկի, զույգ ազդրերի շրջանների արյունազեղումներ, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի, որովայնի աջ կեսի առաջնային պատի, զույգ ծնկահոդերի ձախ սրունքների շրջանների քերծվածքներ, որոնք կարող էին առաջանալ այլ անձի կողմից հրվելու և փայտե աստիճաններով գլորվելու հետևանքով: Վճռում դատարանը նշել է, որ քննությամբ պարզվել է, որ հիշյալ վնասվածքները պատճառվել են մահացած տղամարդու կողմից՝ կնոջը շքամուտքում հրելու և փայտե աստիճաններով գլորելու հետևանքով:
Այդ կապակցությամբ որոշում է կայացվել տղամարդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Ըստ դատահոգեբուժական, հոգեբանական, նարկոլոգիական համալիր փորձաքննության եզրակացության՝ կինը հոգեկան հիվանդությամբ և տկարամտությամբ չի տառապել և չի տառապում: Նա, ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ փորձաքննության ժամանակ կարող էր գիտակցել գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Նա իրավախախտումը կատարելիս չի գտնվել նաև հոգեկան գործունեության որևէ ժամանակավոր խանգարման վիճակում, որը կարող էր զրկել նրան իր գործողությունների վտանգավորությունները գիտակցելու և դրանք ղեկավարելու ընդունակությունից, այլ գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում: Նա չի գտնվել նաև պաթոլոգիական աֆեկտի վիճակում, և նրան մեղսագրվող արարքի նկատմամբ հարկ է ճանաչել մեղսունակ:
Պատճառաբանելով, որ նկարագրված հանցավոր արարքը կատարելիս կինը գտնվել է միջին աստիճանի հարբածության վիճակում, փորձագետները եկել են այն եզրահանգման, որ նման վիճակը բացառում է պատասխանել այն հարցին, թե նա հանցագործությունը կատարելու պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում գտնվե՞լ է, թե՞ ոչ:
Դատարանի վերլուծությունը
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ կնոջ պատճառաբանությունն այն մասին, թե ինքը տղամարդուն սպանելու, կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել, միայն ցանկացել է վախեցնել նրան և կանխել կրկին անգամ իր տուն գալը, անհիմն է և հերքվել է գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով:
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նախկինում դատված չէ, խնամքին է 13 տարեկան անչափահաս երեխան, տվել է խոստովանական ցուցմունքներ, կատարածի համար անկեղծորեն զղջում է, հանցանքի կատարմանը նպաստել է տուժողի դեպքին նախորդած հակաիրավական, հակաբարոյական վարքագիծը:
Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Դատարանը վճռել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել և դատապարտել 8 տարվա ազատազրկման: