Արամ Հարությունյան. «Նրանք, ովքեր կփորձեն սեպ խրել քառյակի մեջ, ծառայում են Բաղարամյան 26-ին»
Ներքաղաքակական կյանքը, հիմական օրակարգը ձևավորվել է քառյակի 12 կետերի հետ կապված: Եթե անգամ քառյակը գրեր՝ 2X2=4, դրա մեջ հաստատ նախագահի և իշխանությունների հրաժարականը կա, նույնիսկ կարող էին ոչինչ չգրել, ընդամենը ասեին, որ իրենք միասին են: Այսօրվա ասուլիսում նման տեսակետը հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակության նախագահ Արամ Հարությունյանը:
Նա նշեց, որ հրաժարականի պահանջը իշխանություններից կա ոչ միայն քառյակի ներկայացրած 12 կետերի մեջ, այլ՝ յուրաքանչյուր քաղաքացու աչքերում, օդանավակայանում. «Այսինքն՝ բոլոր տեղերում այդ պահանջը կա, այնպես չի՝ պետք է գրվի»:
Ա. Հարությունյանը զարմանալի է համարում, որ որոշ մարդիկ, այդ թվում նաև նախագահը, մտածում են, որ չպետք է գրեն՝ «պահանջում ենք». «Իսկ պարոն նախագահ, ի՞նչ պետք է գրեն, պետք է գրեի՞ն՝ նորին գերազանցություն, եղեք գթասիրտ և Սաշիկին խնդրեք՝ մի քիչ հանդուրժող լինի: Ի՞նչ էիք ուզում գրվեր այդ պահանջների մեջ»:
Ըստ Ա. Հարությունյանի՝ ակնհայտ է, որ ժողովուրդը դժգոհ է, այս իշխանությունը սպառել է իր բոլոր ռեսուրսները և քառյակը դարձել է իշխանությունների աչքի փուշը, որովհետև քառյակը ունի այն պոտենցիալը, որ միավորելու է ողջ ընդդիմադիր դաշտը:
«Նրանք, ովքեր կփորձեն սեպ խրել քառյակի մեջ, ծառայում են Բաղարամյան 26-ին: Այսօր բոլորը գիտեն՝ երկրում ինչ վիճակ է, իսկ ամենից լավ գիտի Ռոբերտ Քոչարյանը, որովհետև ինքը բավականին լավ ժառանգություն է թողել, և մենք տեսնում ենք՝ ինչի հասցվեց երկիրը այս մի քանի տարիների ընթացքում»:
Խոսելով Ռ. Քոչարյանի հացազրույցի մասին՝ Ա. Հարությոնյանը նշեց, որ գոնե համամասնական ընտրակարգի հարցում Ռ. Քոչարյանը եղել է շատ սկզբունքային. «Երբ համամասնականի հարց առաջացավ, Քոչարյանն ասաց, որ գտնում է, որ իրոք պետք է ընդլայնվի համամասնականի թիվը, ինքը կողմնակից չէ, որ ապաքաղաքական և քրեական տարրերին արտաքսեն երկրից ընտրությունների ժամանակ: Քոչարյանը միակ նախագահն է եղել, որ իր իշխանության տարիներին է կողմ եղել համամասնականի մեծացմանը»:
Ա. Հարությունյանի կարծիքով՝ այսօր գերխնդիրը այս իշխանություններից ազատվելն է, եթե որևէ մեկը դա չի գիտակցում, անհասկանալի է: