Շանթը բացահայտեց բոլորին

Հայաստանում արտաքուստ բավական բուռն ներքաղաքական-քաղաքացիական զարգացումներ են ընթանում: Ոչ իշխանական ուժերը պայքարում են կառավարության դեմ, նույնիսկ պահանջներ ու վերջնաժամկետներ են ներկայացնում, քաղաքացիական ամենատարբեր ակտիվիստները մարտնչում են Աֆրիկյանների շենքի քանդման, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ: Առաջին հայացքից՝ այլակարծության աննախադեպ մթնոլորտ է, բոլորը պայքարում են իշխանության դեմ, իշխանությունը եթե ոչ՝ այս, ապա՝ հաջորդ, կամ գուցե հաջորդի հաջորդ ամիս հրաժարական կտա:

Հայաստանից անտեղյակ մեկին կարող է թվալ, թե այս երկրի հիմնական խնդիրները պայմանավորված են սոցիալ-տնտեսական իրավիճակի, մշակութային կոթողների պահպանության և այլ նմանատիպ հարցերով: Ըստ ամենայնի, ոմանց պետք է, որ հենց այդպես էլ թվա: Որովհետև այդ տպավորությունը նաև տպավորություն է ստեղծում, թե Հայաստանը չունի այլ, օրինակ՝ արտաքին քաղաքական խնդիրներ:

Մինչդեռ իրականում Հայաստանի գրեթե բոլոր խորքային խնդիրները սկսվում և ավարտվում են արտաքին քաղաքական կողմնորոշմամբ, ավելի կոնկրետ՝ ռուսական ազդեցությանն անշրջելիորեն տուրք տալու հանցավոր պատրաստակամությամբ: Բայց Հայաստանում դրա դեմ որևէ մեկը կամ գրեթե որևէ մեկը չի պայքարում: Ոչ միայն անձամբ ու փողոցներում չի պայքարում, այլ չի պայքարում նույնիսկ անուղղակիորեն՝ պայքարողներին աջակցություն հայտնելու ձևով անգամ:

Երեկ Երևանում մեղադրողը հրապարակել է Շանթ Հարությունյանի և նրա համախոհների մեղադրական եզրակացությունները: Դատական նիստն անցել է բավական լարված, բայց ոչ թե այն պատճառով, որ դատարանի բակում հավաքված ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստներն իրենց վանկարկումներով փորձել են տապալել դատական նիստը, այլ որովհետև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ցանկացել է նստել հոր գրկին:

Նույն այն որդին, ում հայրը նոյեմբերի 5-ին «զրահաբաճկոն» էր հագցնում՝ այդպես էլ չկայացած երթից առաջ: Շանթ Հարությունյանը, հիշեցնենք, չէր պայքարում կուտակային կենսաթոշակային համակարգի, փողոցներում քաշված կարմիր գծերի դեմ: Նա պայքարում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա կարմիր գծով «խաչ քաշելու» երևույթի դեմ, այդ երևույթի կնքահոր՝ Վլադիմիր Պուտինի դեմ: Իրականում ոչ այնքան նրա դեմ, որքան հանուն ՀՀ քաղաքացու արժանապատվության: Հիմա Հայաստանի՝ դեռևս ՀՀ զինանշանով կնիք ունեցող դատարանը դատում է Շանթին, դատում է նաև նրա համախոհներին ու նաև նրա որդուն՝ Շահենին:

Բայց Երևանում ոստիկանների հետ կռիվ տվող ու նախարարների վրա կոպեկներ շաղ տվող որևէ ակտիվիստ, ոչ էլ Ազգային ժողովի ամբիոնի մոտ անվեհեր ելույթ ունեցող որևէ պատգամավոր դատարանի դահլիճում չէ, անգամ դատարանի բակում չէ: Որովհետև կուտակայինը՝ կուտակային, Աֆրիկյանը՝ Աֆրիկյան, բայց ինչպե՞ս կարելի է բարոյական աջակցություն հայտնել մեկին, ով համարձակվել է հայհոյել Պուտինին:

Շանթը պայքարել է՝ որպես անհատ, նրա պայքարը կուսակցական կամ հասարակական չէ, նրա պայքարը, առաջին հերթին, խորհրդանշական է: Բայց անգամ խորհրդանշական այդ պայքարին միացողներ ու աջակցողներ չկան: Որովհետև միանալու կամ աջակցելու դեպքում՝ այլ «կարևոր» խնդիրներով պայքարը գուցե պակաս սենտիմենտալ դառնա, գուցե անգամ արգելվի:

Եթե որևէ հասարակությունում չեն պայքարում ազատության ու անկախության համար, չեն պայքարում երկիրն ազատությունից ու անկախությունից զրկողների դեմ, ապա մնացած՝ «նյութական նպատակներով» պայքարելու հնարավորությունը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան վճար՝ անազատության մեջ ավելի շատ թոշակ ստանալու, Երևանի փողոցներում մեկ-երկու հին շենք տեսնելու համար:

Շանթ Հարությունյանի դատավարությունը Հայաստանի քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության իրական կենսունակությունը ստուգող թեստ է: Բացասական արդյունքով թեստ: Ազատություն Շանթ Հարությունյանին և մյուս քաղբանտարկյալներին:

Տեսանյութեր

Լրահոս