Գերությունից հետո մահացած Մամիկոն Խոջոյանի գործով Հայաստանը կդիմի Եվրադատարան. Panorama.am
«Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար մեր կազմակերպությունը սպասում է փորձաքննության պաշտոնական արդյունքներին»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով Մամիկոն Խոջոյանի մարմնում հայտնաբերված նավթի և հոգեմետ նյութերի ներարկմանը:
Նա նշեց, որ ներկայումս փաստաթղթերի փաթեթի պատրաստման տեխնիկական հարցերն են լուծվում:
«Խոջոյանին խոշտանգումների ենթարկելու փաստով քննություն անցկացնելու համար պահանջով դիմել ենք Ադրբեջանին, սակայն դեռևս ոչ մի պատասխան չկա», -ասաց Ալավերդյանն` ընդգծելով, որ անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ դժվար թե ստացվի:
Ըստ նրա` պետք է հավաքել ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի նմանատիպ գործերը և ամբողջական փաթեթով ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում է Panorama.am-ը:
Մայիսի 20-ին, 77 տարեկանում մահացել է վերջերս ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանը:
Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել:
Առողջապահության նախարարը մարտի 6-ին հանձնարարել էր բժշկական կոնսիլիում կազմակերպել՝ գերեվարությունից հայրենիք վերադարձած Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Իջևանի բժշկական կենտրոն էր գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։
Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել էր, որ Խոջոյանի մոտ բազմաթիվ կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր կան:
Մանրամասներն՝ այստեղ