Հայաստանն է լինելու առանցքային դերակատարը ՀԱՊԿ-ի խաղաղարարներին ԼՂ-ում տեղակայելու հարցում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ժամանել է Երևան: Ո՛չ, նա Երևանում չի դատապարտել հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններն ու դիպուկահարների կրակոցները:
Բորդյուժան դրա ժամանակը չունի, դրա համար նա Երևան չէր հասնի: Թե ինչի համար է նա Երևան հասել` երևի մի քանի օրից կամ շաբաթից պարզ կդառնա, հատկապես, որ նա Երևան է եկել Լավրովի Բաքու և Երևան կատարած այցերից հետո, Իլհամ Ալիևի ու Պուտինի հեռախոսազրույցից հետո, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում, ըստ էության, նոր խոչընդոտի՝ ԱՀԿ-ի հետ փոխհատուցման վերաբերյալ բանակցությունների մասին հայտարարությունից հետո:
Մի խոսքով, Հայաստանի շուրջ բավական բուռն զարգացումներից հետո Երևան է եկել Բորդյուժան ու խոսել տարածաշրջանային անվտանգությունից: Ու այս խոսքերի կոնտեքստում նա հիշատակել է Երևանում հուլիսի 1-2-ը կայանալիք մի համաժողովի մասին, որը շատ հետաքրքրական թեմա ունի՝ «Ազգային ու տարածաշրջանային խաղաղարար պոտենցիալի ինտեգրումը խաղաղարար նախաձեռնությունների ընդհանուր համաշխարհային համակարգի մեջ՝ ՄԱԿ-ի չափանիշների հիման վրա»:
Եթե «թարգմանենք» վերնագիրը, ապա ըստ էության պետք է արձանագրենք, որ խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելություն ձևավորելուն, որի վերաբերյալ Ռուսաստանը ջանքեր է գործադրում արդեն մի քանի տարի, և ահա, ըստ էության, թեման դուրս է բերվում համաժողովային օրակարգ, որից այն կողմ, ըստ էության, կլինի արդեն պաշտոնական օրակարգը: Իսկ դա նշանակում է, որ երրորդ փուլում արդեն կդրվի ՀԱՊԿ-ի խաղաղարարներին Ղարաբաղում տեղակայելու հարցը: Պատահական չէ, որ ՀԱՊԿ-ը խաղաղարար առաքելության թեման քննարկելու է երևանյան համաժողովում: Առաջին հերթին հարկավոր է այս թեման պտտել Հայաստանում, այսպես ասած` ադապտացումը սկսել Հայաստանից, որովհետև Հայաստանն է լինելու առանցքային դերակատարը ՀԱՊԿ-ի խաղաղարարներին Ղարաբաղում տեղակայելու հնարները գտնելու կամ կյանքի կոչելու հարցում: Ավելի շուտ` Հայաստանը ոչ թե դերակատար է լինելու, այլ ըստ էության` գործիք»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։