Պուտինը Դաշնային խորհրդին առաջարկել է չեղյալ հայտարարել Ուկրաինայում զորքեր կիրառելու թույլտվությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով այսօր Վիեննա մեկնելուց առաջ նամակ է հղել Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
Պուտինն առաջարկել է չեղյալ հայտարարել Դաշնային խորհրդի այն որոշումը, որն առնչվում է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի օգտագործմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ այդ քայլն արվել է Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի կարգավորման նպատակով, ինչպես նաև տվյալ խնդրի շուրջ եռակողմ բանակցությունների սկսվելու պատճառով: Ռուսաստանի Դաշնային խորհուրդը տվյալ որոշումը չեղյալ հայտարարելու հարցը դիտարկելու է հունիսի 25-ին:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը համապատասխան որոշումն ընդունել է այս տարվա մարտին՝ համաձայնվելով Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախագահի կողմից զորքերի կիրառմանը՝ մինչև այդ երկրում հասարակա-քաղաքական իրավիճակի կարգավորումը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Պուտինի հետ հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով սպառնացել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման ուղղությամբ քայլեր չարվելու դեպքում նոր պատժամիջոցներ սահմանել նրա դեմ: