Ներկա ու նախկին նախագահներն ամեն ինչ արել են նախագահի ինստիտուտը վարկաբեկելու համար. «Հրապարակ»

«Միանգամայն բնական է հասարակության սևեռուն ուշադրությունը նախկին նախագահների անձի ու խոսքի նկատմամբ, և բոլորովին հասկանալի չէ նրանց թիմակիցների դժգոհություններն ու վաշ-վիշը՝ իբր բոլորդ բանուգործ թողած, սպասում եք Լևոն Տեր-Պետրոսյանը խոսի, որ սկսեք քննարկել-քննադատել»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Այո, նախկին նախագահները, որպես հսկայական ինֆորմացիայի կրողներ, որպես իրենց զբաղեցրած աթոռի հեղինակությունը մինչև իրենց կյանքի վերջ կրող անձինք, հետաքրքիր են հանրության համար, նրանց խոսքն ուսանելի է ու կարևոր:

Ուրիշ բան, որ այս բոլոր տարիներին իրենք՝ ներկա ու նախկին նախագահներն ամեն ինչ արել են այդ խոսքն արժեզրկելու, ՀՀ նախագահի ինստիտուտը վարկաբեկելու համար: Ժամանակին, երբ Ռոբերտ Քոչարյանը թույլ էր տալիս, որ իր իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ հայհոյեն ու քննադատեն Լևոն Տեր-Պետրոսյանին, չէր կարող պատկերացնել, որ մի օր ինքն իր փորած փոսն է ընկնելու:

Վաղը կգա Սերժ Սարգսյանի հերթը, ով այսօր չի արգելում տարբեր տրամաչափի գործիչներին ՀՀ նախկին նախագահի հետ «մեջլիս» մտնել: Որքան էլ Անդրանիկ Մարգարյանը հարգված լինի մեզանում, և նրա որդին բարձր պաշտոն զբաղեցնի, վայել չէ Երևանի քաղաքապետին պատասխանել ՀՀ նախկին նախագահին, ինչպես երեկ արել էր նա մամուլում: Պետական պաշտոնյան պետք է չափի զգացում ունենա»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս