Կատարն Աֆրիկայում հավաքագրել է 1800 վարձկանի` Իրաք ուղարկելու համար. Fars
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Կատարը 1800 վարձկան է հավաքագրել Աֆրիկայում` նրանց Իրաք ուղարկելու համար: Գործակալությունը հրապարակել է համապատասխան փաստաթուղթ, որի վրա առկա է Լիբիայում Կատարի գործերի ժամանակավոր հավատարմակատար Նայեֆ բին Աբդուլլահ ալ-Ամադիի ստորագրությունը:
Փաստաթուղթը վկայում է, որ Կատարը զինյալներ է հավաքագրել Մարոկկոյում և Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում, որպեսզի նրանք Իրաքում մասնակցեն ռազմական գործողությունների` հանդես գալով «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման կողմից:
Փաստաթուղթը վկայում է, որ ահաբեկիչները մարտական պատրաստություն են անցել Լիբիայի ռազմաբազաներից մեկում, ուր նրանց սովորեցրել են ծանր սպառազինության հետ վարվելու կանոնները:
Փաստաթղթի համաձայն, պլանավորված է զինյալներին Իրաք ուղարկել երեք խմբով, հստակեցված է նաև նրանց երթուղին: Զինյալները նախ պետք է լիբիական նավահանգիստներից ուղարկվեն Թուրքիան, ապա Իրաքյան Քրդստանի միջոցով պետք է հայտնվեն Իրաքում:
Կատարցի դիվանագետը փաստաթղթում հայտնել է, որ զինյալների խմբերն ուղարկման համար պատրաստ կլինեն արդեն հաջորդ շաբաթ: Գործակալության տվյալներով` Իրաքի արևմուտքում մարտերին մասնակցելու համար օտարազգի վարձկաններն անմիջականորեն կանխիկ ձևով աշխատավարձ են ստանալու Կատարից ու Սաուդյան Արաբիայից: Խոսքը գնում է մոտ 700 դոլարի մասին: