ԵՄ-ը ողջունել է Պորոշենկոյի խաղաղության պլանը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ն Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել ընդունել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության պլանի պայմաններն ու ակտիվորեն նպաստել դրա իրագործմանը:
Այս մասին նշված է երեկ երեկոյան Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում. «Մենք ողջունում ենք հրադադարի մասին հայտարարությունը և Ուկրաինայի արևելքի ճգնաժամի խաղաղ կարգավորման պլանը»:
Եվրահանձնաժողովը նաև դիմել է Ռուսաստանին` խնդրելով օգտագործել իր ողջ ազդեցությունը` խաղաղության պլանի իրագործման համար և հրապարակավ աջակցել դրան:
Եվրահանձնաժողովը հաստատել է, որ հրավեր է ուղարկել Ուկրաինայի նոր արտգործնախարար Պավել Կլիմկինին` ելույթ ունենալու ԵՄ-ի անդամ 28 երկրի արտգործնախարարների առաջիկա նիստում, որն անցկացվելու է հունիսի 23-ին, Լյուքսեմբուրգում:
Ենթադրվում է, որ Կլիմկինն իր եվրոպացի գործընկերներին իրազեկելու է Պորոշենկոյի խաղաղության պլանի մանրամասների և ընդհանրապես Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին: