Վլադիմիր Կազիմիրով. Իլհամ Ալիևը գործում է իր հոր պատվիրաններին հակառակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բոլոր հնարավոր միջոցներով մեծարելով իր հորը` Հեյդար Ալիևին, միևնույն ժամանակ գործում է նրա քաղաքական գծին հակառակ: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:
Նրա կարծիքով` Ադրբեջանի ղեկավարությունն այսօր դիտավորյալ խեղաթյուրում է ղարաբաղյան հակամարտության հետ առնչվող փաստերն ու փաստաթղթերը, մասնավորապես` շահարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993 թ. ընդունված հայտնի 4 բանաձևերը` մոռանալով, որ ինքն է առաջինը հրաժարվել կատարել դրանք:

Վլադիմիր Կազիմիրովը ընթերցեց մի քանի կետեր այն փաստաթղթից, որը 1994 թ. ապրիլի 15-ին ընդունվել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի կողմից և, իր խոսքերով, հիմք է հանդիսացել հետագայում բիշկեկյան զինադադարի հաստատման համար:

«ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հայտարարությունում այսպիսի ձևակերպում կա. «ԱՊՀ երկրների ղեկավարների խորհուրդը հաստատում է իր ձգտումն ամեն կերպ աջակցել միակ հնարավոր փոխզիջումային որոշմանը հասնելուն: Գլխավոր գերակայությունը, կարգավորման հրամայականը կրակի, ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումն է, և դրանից հետո հրադադարի հուսալի ամրապնդումը: Առանց սրա չի կարելի անցնել ողբերգական հակամարտության հետևանքների վերացմանը»:

Սա մի նոր բան էր, որը չկար ՄԱԿ-ի բանաձևերում: Իսկ այդ «հրադադարի հուսալի ամրապնդումը» մինչ օրս չկա, հասկանո՞ւմ եք: Սա է գլխավոր խնդիը, որ մենք դնում էինք ոչ միայն կրակի դադարեցման, այլ դրա ամրապնդման հարցը: Ահա թե ինչու է Բաքուն այդքան ակտիվորեն շրջանառում և կեղծում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի թեման, որպեսզի մենք մոռանանք, թե ինչ հիմքի վրա են կողմերն իրականում հասել զինադադարին: Այս հիմքի վրա»,- նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահը:

Հարցին, թե արդյոք այդ փաստաթղթի տակ ստորագրե՞լ է Հեյդար Ալիևը, նա պատասխանեց, որ այդ հայտարարությունը չի ստորագրվել, այլ պարզապես ընդունվել է. «Հեյդար Ալիևիչը մի արտահայտություն հանել է, բայց դա այլ արտահայտություն էր, այն այստեղ չկա: Իսկ այդ ձևակերպումն ընդունվել է նաև իր կողմից:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ որդին, ամեն կերպ մեծարելով իր հորը, միևնույն ժամանակ գործում է նրա պատվիրաններին հակառակ: Մինչ օրս Բաքվում ձևացնում են, թե չգիտեն, որ Հեյդար Ալիևիչը փաստաթղթերից մեկում ուղղակիորեն նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով»:

Լուսանկարը՝ Ֆոտոլուր գործակալության

Տեսանյութեր

Լրահոս