Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը լուրջ խոսակցություն է ունեցել Հասմիկ Պողոսյանի հետ

«Մենք լինելու ենք հետևողական, որ անպայման մեր պայմանավորվածությունները կատարվեն», – այսօր Դիջիթեք ամենամյա Ֆորումի բացմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե մինչ այս պահը քանի՞ գործարար է արդեն ստվերից դուրս եկել (հիշեցնենք, որ վարչապետը ժամկետ էր տվել մինչև հուլիսի 1-ը):

Նա ասաց, որ տասը օրը մեկ ֆինանսների նախարարությունը հաշվետվություն է տալու նաև հանրությանը, թե որ հարկատուի մոտ ինչ միտում կա. «Այն հարկատուները, որոնք կփորձեն խախտել պայմանավորվածությունը, մենք մեր դիրքորոշումը շատ կոշտ կցուցաբերենք»:

Խոսելով Գառնի և Զվարթնոց տաճարների մոտ տեղի ունեցած խնջույքների մասին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մշակույթի նախարարի հետ լուրջ խոսակցություն է ունեցել՝ պահանջելով, որ քայլեր ձեռնարկվեն և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն. «Այդ հարցը իմ ուշադրության կենտրոնում է»: Այդ դիտարկմանը, որ ասում են՝ Զվարթնոցում զուգարան են կառուցել, դրա համար է տրամադրվել տարածքը վարչապետն այսպես արձագանքեց. «Շատ բան կարող են ասել»:

Խոսելով ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 պահանջների մասին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ չի կարելի պահանջներ ներկայացնել, կարելի է համագործակցություն-առաջարկ տեսքով ձևակերպել այդ առաջարկները. «Յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն մեր կողմից ընդունվելու է: Ինչ վերաբերում է այդ 12 առաջարկություններին, դրանց մեծ մասը արտահայտված են կառավարության ծրագրում, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից: Այնպես որ մեզ համար կարևոր չէ, թե ով է առաջարկում, կարևորը՝ կատարենք գործ, տնտեսությունը զարգացնենք»:

Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային բարեփոխումների նոր ծրագրին՝ Հ. Աբրահմյանն ասաց, որ հուլիսի 1-ից բարձրանալու են պետական աշխատողների աշխատավարձները և կառավարությունը համարձակ քայլ է իրականացրել՝ մոտ 38 մլրդ դրամ հատկացնելով աշխատավարձերի բարձրացմանը. «Մենք պետական սեկտորի համար նպատակային սոցիալական վճար ենք սահմանում, որ շատ ճիշտ քայլ է: Հուլիսի մեկից այդ վճարը բոլորի համար կդառնա պարտադիր»:
Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս