Բաժիններ՝

Ինչ է փոխում «պարտադիր կուտակային» բառը «նպատակային սոցիալական վճարով» փոխարինելը

«ՍԴ-ում Դուք բավականին երկար քննարկումներին մասնակցեցիք: Դուք իսկապե՞ս գտնում եք, որ եթե «պարտադիր կուտակային» բառը փոխենք «նպատակային սոցիալական վճար» բառով, իսկապես իրավիճակը փոխվում է»,- այսօր ԱԺ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նաև հետաքրքրվեց, թե փաթեթում բացի նվազագույն աշխատավարձից գործատուն ի՞նչ մասնակցություն ունի, քանի որ ՍԴ-ն սահմանել էր, որ միջոցների վրա արգելանք դնելը հակասում է Սահմանադրությանը, նաև ՍԴ-ն սահմանել էր, որ վերահսկողական մեխանիզմներ պետք է գործեն:

«Մեր աշխատանքը տևում է 8-14 ժամ և դրանից հետո չլուծված խնդիրների պարագայում դժվար է լինում հանգիստ քնել: Դուք էլ դա գիտեք»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Ըստ նրա` նպատակային սոց.վճարն ունի հատուկ նպատակ, որը պետք է ապահովի մարդու կենսաթոշակը: Նրա խոսքով` գործատուի մասնակցությունը ցանկացած պարագայում կա, որովհետև ցանկացած վճարում աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոց է, և նվազագույն աշխատավարձի չափն ապահովելու պարտավորություն կա: Վերահսկողության հետ կապված՝ նախարարը նշեց, որ գումարները արտացոլվելու են բյուջեում և ԱԺ-ն կարող է վերահսկել, այլ ավելի լավ մեխանիզմ չկա:

Ա. Մինասյանը նաև հետաքրքրվեց. ՍԴ որոշման համաձայն, Արդարադատության նախարարը պետք է տա եզրակացություն փաթեթին, ո՞ւր է այն:

«Կառավարությունն է ներկայացրել փաստաթղթերը, եթե Ձեզ չի ներկայացվել, կներկայացնենք»,- պատասխանեց Ա.Ասատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս