Վրաստանի ԱԱԽ-ը քննարկելու է Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ)  նիստում քննարկվելու է Աբխազիայի միջոցով Ռուսաստանի ու Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: Այս մասին այսօր հայտարարել է, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գեորգի Վոլսկին:

Նախօրեին «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրենք դիտարկելու են Աբխազիայի ու Վրաստանի միջոցով Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության բացման հարցը:

Վոլսկին կարծում է, որ դեռ վաղ է բարձրացնել այդ հարցը, և որ առաջընթաց է անհրաժեշտ վրաց-աբխազական կարգավորման գործընթացում. «Այստեղ գլխավորը Վրաստանի շահերն են, այդ հարցի քննարկումը հնարավոր է, սակայն պետք չէ շտապել»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է Վրաստանի ու Ռուսաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային ուղիղ հաղորդակցության վերականգնում. «Տվյալ թեմայով լուրջ խոսակցություններ դեռ չկան: Սակայն մենք ցանկանում ենք, որ այդ ճանապարհը սկսի գործել: Մեզ համար դա ունի կենսական նշանակություն»:

Վերջին շրջանում աբխազական երկաթուղու վերականգնման հարցը վերստին սկսել է ակտիվորեն քննարկվել մամուլում՝ կապված մաիսի 17-ին Դարյալի կիրճում գրանցված փլվածքի հետ, ինչը կասեցրել էր վրացական տարածքով Հայաստանի ու Ռուսաստանի միջև ցամաքային հաղորդակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս