Եթե Քոթանջյանի որդու խափանման միջոցը փոխվել է, պետք է փոխվեր նաև Հայկ Կյուրեղյանինը
Ինչպես հայտնի է՝ հունիսի 6-ին Քանաքեռ-Զեյթունում հնչած կրակոցների գործով ձերբակալվել էր Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին: Վերջինս, սակայն, երկու պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ է արձակվել: Դեպքի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Իսկ հունիսի 12-ին Երևանի Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հնչած կրակոցների գործով էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է Հայկ Կյուրեղյանը: Այս դեպքով ևս քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հելսինկայն կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ ինքը եղել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, երբ կրակոցներ են հնչել, և ինքը զարմացել է, որ տղան բարձրացել է ավտոմեքենայի վրա, ապա պարզվել է, որ նրան Շանթ Հարությունյանի համակիրներից ոչ ոք նրան չի ճանաչել: «Ես նույնիսկ մտածեցի, որ չի բացառվում՝ նա սադրիչ լիներ»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ այժմ համոզված է, որ Հայկ Կյուրեղյանը սադրիչ չի եղել: «Հայկ Կյուրեղյանը ցանկացել է այդ ձևով իր բողոքն արտահայտել Շանթի դատավարության և երկրում տիրող իրավիճակի հետ կապված: Կարող ենք շատերս ասել, որ այդպես չեն բողոքում, դա ձև չէ և այլն: Կարող ենք այդ ամեն ինչն ասել: Այդ տղան այդ ձևն է գտել՝ ելնելով անելանելի դրությունից: Իհարկե, ես միանգամից ասեմ, որ չեմ կարող ասել, որ նրա արարքում քրեական տարրեր չկան, բայց սա ձեր մատնանշած դեպքի, ամենաթողության հետ համեմատել… Իհարկե, համեմատելի բաներ չեն»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ եթե Ա. Քոթանջյանի որդու խափանման միջոցը փոխվել է, ապա պետք է փոխվեր նաև Հայկ Կյուրեղյանինը: «Բայց գիտենք, որ Հայաստանում մարդիկ օրենքի առաջ հավասար չեն: Հավասարաների մեջ կան ավելի հավասարները»:
Մեր հարցին՝ կարծում եք, որ Ա. Քոթանջյանի որդու խափանման միջոցը փոխելու հարցում դերակատարո՞ւմ է ունեցել պաշտոնյայի առկայությունը, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ»: Հարցին, ինչպե՞ս է աշխատում անձնական երաշխավորության ինստիտուտը, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Աշխատում է այն դեպքում, երբ հրահանգ կա, եթե պաշտոնյայի հարազատ է կամ բարեկամ»: