Սերժ Սարգսյանը ժամանել է Թբիլիսի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական երկօրյա այցով ժամանել է Վրաստան, ուր և մի շարք հանդիպումներ է ունենալ երկրի բարձրաստիճան անձանց հետ:

Հայկական պատվիրակության ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 13.00-ին: Հյուրերին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ու Վրաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Իրինա Իմերլիշվիլին:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր Հավլաբարի նստավայրում տետ-ա-տետ հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի հետ, ինչից հետո կողմերը մամուլի համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Ապա Սարգսյանը Հերոսների հրապարակում ծաղկեպսակ կդնի Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշահամալիրում, ինչպես նաև Թբիլիսիում կմասնակցի Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված համերգին:

Սարգսյանն այցելելու է նաև Կախեթիի շրջան: Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպելու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, իսկ հունիսի 19-ի առավոտյան՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են երկու երկրների համագործակցության առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս