Սուննի զինյալները մարտեր են մղում Բաղդադից 60 կիլոմետր հեռավորության վրա. France-Presse
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալներն իրենց վերահսկողությունն են հաստատել Բաղդադից 60 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք ընկած Բաակուբա քաղաքի մեծ մասի վրա:
Քաղաքի մոտ իրաքցի զինվորականների ու զինյալների միջև կատաղի բախումների հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Զոհվածների ու վիրավորների ստույգ քանակը դեռ չի հաղորդվում: Նախկինի նման զինյալների ձեռքում է գտնվում Թալ-Աֆար քաղաքը:
Սուննի զինյալները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեծ հաջողություններ են ունեցել Իրաքի հյուսիսային ու արևմտյան շրջանների վրա կատարած իրենց հարձակման արդյունքներով՝ տիրելով նաև Իրաքի երկրորդ խոշոր քաղաք Մոսուլին:
Բայջի քաղաքում գտնվող Իրաքի խոշորագույն նավթավերամշակման գործարանը փակվել է, իսկ նրա օտարազգի աշխատակիցներին տարհանել են: Գործարանը դեռ գտնվում է Իրաքի զինվորականների վերահսկողության տակ: Այն իր աշխատանքները դադարեցրել է գիշերը: