Սամվել Շարբաթյանի գործով ցուցմունք տվեց ամբաստանյալ Արտակ Վերանյանը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ընթացող, Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործով ս.թ. հունիսի 12-ի հերթական դռնբաց դատական նիստին հետազոտվեցին իրեղեն ապացույցները, գործով իրեղեն ապացույց չճանաչված, մեղադրական եզրակացության մեջ որպես ապացույց չընդգրկված, բայց իրեղեն ապացույցների հետ փաթեթավորված և դատարան ուղարկված որոշ իրեր և առարկաներ:

Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Պետրոս Մարտիրոսյանը միջնորդեց հետազոտել իրեղեն ապացույց հանդիսացող՝ «Մուշ» ռեստորանից առգրավված տետրում առկա գրառումները, ապա ինչպես այս գրառումների, այնպես էլ 2013թ. փետրվարի 6-ին՝ հայտնաբերման պահին Սամվել Դիլոյանի մոտից առգրավված թղթերի վերաբերյալ հետագա հնարավոր միջնորդություններ ներկայացնելու կապակցությամբ մեղադրողը դատարանից խնդրեց ողջամիտ ժամկետով (առնվազն 2 օր) հետաձգել դատական նիստը: Ամբաստանյալներ Սամվել Դիլոյանը, Արեն Վերանյանը, պաշտպաններ Ռուբեն Հակոբյանն ու Մհեր Դավթյանը առարկեցին մեղադրողի միջնորդության դեմ, դրանում դատական նիստը անհրարկի ձգձգելու միտում տեսնելով, քանի որ նախորդ դատական նիստը 16 օր առաջ հետաձգվել էր ամբաստանյալներին հարցաքննելու նպատակով, այնուհետև առաջարկեցին շարունակել դատական նիստը, աշխատանքային օրը ռացիոնալ օգտագործել` ամբաստանյալներին ցուցմունք տալու հնարավորություն տալով, ապա նոր, եթե մեղադրողի մոտ կառաջանան լրացուցիչ հարցեր, նա այդ հարցերը ուղղելու հնարավորություն կունենա:

Դատավորը որոշեց մեղադրողի` դատական նիստը հետաձգելու միջնորդությունը մերժել և շարունակել դատաքննությունը:

Ցուցմունք տվեց ամբաստանյալներից Արտակ Վերանյանը, ով հայտնեց, որ դեպքից մեկ օր առաջ Տաթևիկ Ասլիկյանի քեռու` Սամվել Շարբաթյանի, նախաձեռնությամբ հանդիպել է վերջինիս, քննարկել են իր և Տաթևիկ Ասլիկյանի ընտանիք կազմելու հետ կապված հարցերը: Շատ ջերմ մթնոլորտում միմյանց հրաժեշտ են տվել: Հաջորդ օրը Շարբաթյանի հրավերով Արտակը, եղբայրը` Արենը, Սամվել Դիլոյանը այցելել են չգործող «Մուշ» ռեստորան` իրենց հետ տանելով սննդամթերք և խմիչք: «Մուշ» ռեստորանում նորից քննարկվել է նաև իր և Տաթևիկի հետագա ճակատագիրը: Այդ հարցի շուրջ եկել են ընդհանուր հայտարարի: Ինքն օգտագործել է օղի, Շարբաթյանը` կոնյակ:

Սամվել Դիլոյանին այդ օրն ալկոհոլ օգտագործելիս չի տեսել: Սամվել Շարբաթյանին բարեկամաբար «քեռի» են անվանել: Արենը մոտ կես ժամ մնալուց հետո գնացել է: Ժամը 22.00-ի սահմաններում, երբ Սամվել Շարբաթյանը գտնվել է հարբած վիճակում, կոնյակ է պահանջել, սկսել է անընդհատ վիրավորել Արտակ Վերանյանին, նույնիսկ հայհոյել, այնուհետև դուրս է կանչել իրեն: Դրսում` ռեստորանի բակում, Շարբաթյանը նորից հայհոյել է Արտակին, ապա բռունցքով անսպասելիորեն հարվածել դեմքին, գոտկատեղից հանել է ատրճանակ, պահել իր ուղղությամբ և հայտնել, որ սատկացնելու է, երկու անգամ էլ կրակել է իր ուղղությամբ, սակայն իրեն չի կպել:

Քաշքշել են իրար, մի կերպ հաջողվել է խլել ատրճանակը և դրանով, ավելի ճիշտ ձեռքով, որում գտնվել է խլած ատրճանակը, հարվածել է Շարբաթյանի դեմքին, նորից քաշքշել են իրար, ինքը կարողացել է հեռանալ Շարբաթյանից, ստուգել, տեսել է, որ ատրճանակը պնևմատիկ է, և քանի որ Շարբաթյանը դեռևս հայհոյելիս է եղել Արտակին և փորձել մոտենալ, ինքը խլած պնևմատիկ ատրճանակով մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ, որից հետո ռեստորան ժամանած եղբայրը` Արենը, ում ինքն է դրանից որոշ ժամանակ առաջ կանչել իրենց տուն տանելու և «քեռուն» կոնյակ բերելու համար, մտել է իր թևը, ասել, որ գնան տուն, Շարբաթյանը խմած է, վաղը կսթափվի, կտենան կխոսեն: Չհակառակվելով եղբորը, ինքը, ինչպես նաև այդ պահին դրսում գտնվող, սակայն վիճաբանությանը չմիջամտած Սամվել Դիլոյանը, նստել են իրենց ավտոմեքենան և հեռացել ռեստորանից: Հեռանալու պահին ռեստորանի բակում են գտնվել իր ընկերներ Աղասը, Տիգրանը և Արկադիկը:

Բացի իրենից, Սամվել Շարբաթյանին որևէ մեկը չի հարվածել, նրան սպանելու, նույնիսկ վնաս տալու նպատակ չի ունեցել: Հաջորդ օրը, հեռուստատեսությամբ, ինտերնետով, լսելով անհեթեթ վարկածներ, իբր թե Սամվել Շարբաթյանին խմբով սպանել են, հրազենով, դանակով հարվածներ են հասցրել և նմանատիպ այլ հորինվածքներ, որոշել է ներկայանալ ոստիկանություն և հայտնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Քանի որ ամբաստանյալ Արտակ Վերանյանի դատաքննական և նախաքննական ցուցմունքների միջև առկա էին որոշակի հակասություններ, մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեց Արտակ Վերանյանի նախաքննական սկզբնական ցուցմունքը, որի կապակցությամբ դատավարության մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին ամբաստանյալին: Վերջինս հայտնեց, որ ոստիկանությունում ցուցմունքը տալուց գտնվել է հոգնած, ճնշված հոգեվիճակում, իմացել է, որ իր ծնողներին գիշերվանից բերել են ոստիկանություն, հարցաքննել են երկու քննիչներ, տարբեր հարցեր են տվել, խճճել են: Հայտարարություններով հանդես եկան Արտակ Վերանյանի շահերի պաշտպան Մհեր Դավթյանը, Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լևոն Գոգինյանը, ամբաստանյալ Սամվել Դիլոյանը, դատախազ Պետրոս Մարտիրոսյանը:

Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը միջնորդեց լրացուցիչ հարցաքննության կանչել գործով վկա Էդվարդ Խլղաթյանին: Այդ միջնորդությունը դատարանը այս նիստին չքննարկեց:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ս.թ. հունիսի 24-ին, ժամը 11.00-ին, որի ընթացքում պետք է շարունակվի Արտակ Վերանյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումը, այնուհետև հարցաքննվելու են մյուս ամբաստանյալները:

Հովհաննես Սարդարյան

 

Տեսանյութեր

Լրահոս