ԲՀԿ-ական. Հայաստանյան հասարակությունն ավանդաբար ռուսամետ է

Հունիսի 12-ին աշխատանքային խմբերում շարունակվում է Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։  «Երիտասարդ քաղաքական գործիչներ» խմբում ելույթ ունեցավ «Ինտեգրացիա և զարգացում» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար, ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը, ով խոսեց եվրասիական ինտեգրման մասին։ Անդրադառնալով Եվրասիական միությանը միանալու Հայաստանի տնտեսական նպատակահարմարության հարցին՝ բանախոսը նշեց, որ մասնագիտական խմբի միջոցով 5 ամիս շարունակ ուսումնասիրել են եվրասիական գործընթացներին միանալու դեպքում հնարավոր տնտեսական արդյունքի հարցը։

Ուսումնասիրություններն ավարտվել են 2013թ. հոկտեմբերին։ Հետազոտությունների արդյունքում փորձագետները եկել են եզրահանգման, որ Մաքսային միությանն ինտեգրման դեպքում Հայաստանում միջնաժամկետ կտրվածքով ՀՆԱ-ն կաճի 4 տոկոսով։ Ընդ որում, այս թիվը հաստատում են նաև տարբեր ուսումնասիրություններ։
Արամ Սաֆարյանը բերեց նաև Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։

«Հայաստանյան հասարակությունն ավանդաբար ռուսամետ է։ Վերջին 13 տարիներին անցկացված բոլոր սոցհարցումները վկայում են, որ Հայաստանում մեծ համակրանք են տածում (բնակչության ավելի քան 74 տոկոսը) Ռուսաստանի նկատմամբ և վստահում են ռուսական արտաքին քաղաքականությանը»,- ասում է Արամ Սաֆարյանը՝ ընդգծելով նաև, որ հայերը շատ են գնահատում քաղաքական կայունությունը, ինչը հնարավորություն է տալիս ապրել Հարավային Կովկաս կոչվող բարդ, թեժ տարածաշրջանում։

Նշենք, որ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը, որ տեղի է ունենում հունիսի 10-15-ը, կազմակեպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։ Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի մոտ 150 ներկայացուցիչներ։ Այսօր երեկոյան համաժողովի մասնակիցներն ուժերը կչափեն ինտելեկտուալ խաղում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս