Հարավային մարզերում զբոսաշրջային զարգացման նոր ծրագիր է նախապատրաստվում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի (Ahmed Eiweida) գլխավորությամբ:
Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրեցին հանրապետության հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Քննարկվեցին ծրագրի մշակման փուլի համար դրամաշնորհային միջոցների ներգրավման հնարավորություններին, ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող կառույցի ընտրությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում ՀԲ թիմի կողմից ՀՀ կառավարությանը կներկայացվեն համապատասխան փաստաթղթերը, որից հետո հայկական կողմը կսկսի ծրագրի նախապատրաստման գործընթացը:
ՀԲ թիմն աջակցում է նաեւ Դիլիջան քաղաքի կայուն զարգացման ծրագրին՝ համագործակցելով Ասիական զարգացման բանկի եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ: Հյուրերը տեղեկացրեցին, որ գործընկերների հետ առաջիկայում Դիլիջան քաղաքում նախատեսում են կազմակերպել խորհրդաժողով, որի ժամանակ կներկայացվեն կատարված աշխատանքների արդյունքներն ու քաղաքի զարգացման տեսլականը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին