Հայաստանը կիսահամախմբված ռեժիմով ավտորիտար երկիր է. Freedom House

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այսօր Բեռլինում հրապարակվել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Անցումային ժամանակաշրջանի երկրներ – 2014» ավանդական զեկույցը:

Դրանում նշված է, որ իրավապաշտպանները վերլուծության են ենթարկել հետխորհրդային տիրույթի, Բալկանների, (հետկոմունիստական) Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի 29 երկրում ժողովրդավարության շուրջ տիրող իրավիճակն ու պարզել, որ նրանց բնակիչների գրեթե 80 տոկոսն այսօր ապրում է ավտորիտար պետություններում:

Եթե 10 տարի առաջ Եվրասիայի ամեն հինգերորդ բնակիչն էր ապրում ավտորիտար ռեժիմում, ապա այսօր յուրաքանչյուր հինգ մարդուց գրեթե չորսն ապրում է ավտորիտար երկրում: Դա նշանակում է, որ ուժեղանում են հակաժողովրդավարական միտումները:

Իրավապաշտպաններն ընդգծում են, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում հետխորհրդային տիրույթում ժողովրդավարության անկման հարցում: Փորձագետների կարծիքով՝ 2013 թվականի իրադարձությունները վկայում են, որ Ռուսաստանում իշխող վարչակարգը խթանման օրինակ է ծառայել ավտորիտար այլ առաջնորդների համար:

Դա անգամ վերաբերում է այն երկրների իշխանություններին, որոնք իրենց կոշտությամբ ու անհանդուրժողականությամբ գերազանցում են Ռուսաստանի իշխանություններին: 2013 թվականին ուժեղացել է հարևան երկրների վրա Ռուսաստանի բացասական ազդեցությունը:

Իրավապաշտպանները ժողովրդավարության մակարդակը գնահատել են 7 բալանոց սանդղակով, որում 1 բալը նշանակում է լավագույն, իսկ 7 բալը՝ վատագույն ցուցանիշ: Freedom House-ի վարկանիշային աղյուսակում ներառված 29 երկրներից 13-ը համարվել են ժողովրդավարական, 6-ը՝ անցումային ռեժիմներով, իսկ 10-ը՝ ավտորիտար երկրներ:

Լավագույն արդյունքն ունի Էստոնիան՝ 1.96, իսկ վատագույնը՝ Թուրքմենստանն ու Ուզբեկստանը՝ 6.93: Ավտորիտար երկրներ են ճանաչվել նաև Ռուսաստանը (6.29 միավոր), Բելառուսը (6.71 միավոր), Ղազախստանը (6.61 միավոր), Ադրբեջանը (6.68 միավոր), Տաջիկստանը (6.32 միավոր):

Կազմակերպության փորձագետները կարծում են, որ իրավիճակը դեպի լավն է փոխվել Կոսովոյում, Ալբանիայում ու Վրաստանում, որոնք ստացել են ավելի բարձր գնահատականներ՝ համեմատած նախորդ տարվա հետ: Հայաստանը ստացել է 5.36 միավոր՝ ճանաչվելով «կիսահամախմբված ռեժիմով ավտորիտար երկիր»:

Տեսանյութեր

Լրահոս