ՀԱՊԿ-ը վերստին դեմ է արտահայտվել «գունավոր հեղափոխություններին»
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 10-ին Մոսկվայում անցկացվել է ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որում քննարկվել են համագործակցության հարցեր:
Բացի այդ, ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են սպառնալիքների դեպքում փոխադարձ աջակցության հնարավոր միջոցները: Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բահինը հայտարարել է, որ նիստում քննարկվել են Աֆղանստանում, Սիրիայում ու Ուկրաինայում տիրող իրավիճակները.
«Մենք չէինք կարող մեր մտահոգությունը չհայտնել «գունավոր հեղափոխությունների» խնդրի նկատմամբ: Այն նոր դժբախտություն է, որն իրենց կաշվի վրա արդեն իսկ զգացել են Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի բազմաթիվ երկրներ ու հետխորհրդային տիրույթում մեր հարևանները:
«Գունավոր հեղափոխությունները» դառնում են քաղաքական լանդշաֆտի ապակայունացման էական գործոն: Առանձին երկրների քաղաքական ու սոցիալ-տնտեսական խնդիրները հաճախ օգտագործվում են արտաքին ուժերի կողմից՝ անցանկալի վարչակարգերից ձերբազատվելու համար»:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ նիստի մասնակիցները պայմանավորվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման շուրջ և քննարկել են ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ու հարակից տարածաշրջաններում տիրող ռազմա-քաղաքական իրավիճակը: