«Երբ ծերանոցում ամուսնացա, կորցրի տղայիս բարեկամությունը, նա էլ ինձ չի այցելում». ԳԱԼԱ
«Աչքերս կուրացել են, հազիվ եմ կարողանում ոտքի վրա կանգնեմ: Ու միայն ծերանոցում ինձ ապահով եմ զգում: Ամեն օր փորձում եմ հասկանալ, թե կյանքում ինչ սխալ եմ արել»:
86-ամյա Արեւհատ Մկրտչյանը արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում է Գյումրու ծերերի տուն-ինտերնատում: Ամենահամարձակ բնակիչներից է, ով փորձել է չստացված կյանքը փոխել ու ծերանոցում նոր կյանք սկսել՝ ամուսնանալով ծերանոցի բնակիչներից մեկի հետ: Այս մասին գրեւմ է ԳԱԼԱ-ն:
Տիկին Արեւհատը 2 արու զավակ է ունեցել, որոնց պահել եւ դաստիարակել է մեծ դժվարությամբ: Ամուսնուց զրկվել է բավականին երիտասարդ հասակում, որից հետո ընտանիքի հոգսը ընկել է իր ուսերին: 1989 թվականին ծանր հիվանդությունից հետո կորցրել է փոքր որդուն: Այնուհետեւ պահում ու մայրություն է անում մեծ որդու որբացած զավակներին:
«Մեծ հարսս մահացել էր, եւ փորձեցի նրանց մայր դառնալ: Բայց կնոջ մահից հետո որդիս՝ Խաչիկը, ամբողջությամբ տրվեց խմիչքին: Ամեն օր վեճ եւ կռիվ էր որդուս հետ, ես պահանջում էի, որ վերջ տա այդ հիվանդությանը, իսկ ինքն էլ չէր ցանկանում իմ ներկայությունը տանը: Ես էլ որոշեցի՝ քանի դեռ կարողանում եմ լուծել ինքնուրույն իմ հարցերը, գամ ծերանոց, գոնե այստեղ գտնեմ իմ հանգիստը: Նրա երեխաներին ամուսնացրեցի, տուն-տեղ ստեղծեցին, առանձնացան, ես այլեւս այդտեղ անելիք չունեի»:
Խաչիկը պարտադիր այցելում էր մորը, բայց ամաչեց ու հեռացավ նրանից, երբ իմացավ, որ մայրն ամուսնացել է ծերանոցում:
«Երբ իմացավ այստեղ ամուսնացել եմ, էլ չեկավ: Երեւի ամաչեց դրանից, հիմա երկրորդ ամուսինս էլ չկա, մահացավ, նա էլ ինձ թողեց մենակ, չեմ դժգոհում, լավ մարդ էր, շատ ուշադիր էր իմ հանդեպ, բայց ինչ արած… Երբեմն ուզում եմ գնամ որդուս գերեզմանին, բայց առողջականս չի ներում, աչքերիս վիճակը օր օրի ավելի է վատանում, մտածում եմ գոնե թոռներս մի օր գան տեսնեմ, քանի դեռ արեւի մի նշույլ աչքս տեսնում է, բայց չկան, չեն գալիս, երեւի իմ մասին արդեն վաղուց մոռացել են կամ անցյալ ժամանակով են հիշում»:
Շարունակությունն՝ այստեղ