Բաժիններ՝

Այսօր Բրազիլիայում մեկնարկում է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բրազիլիայում մեկնարկում է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, որը հոբելյանական 20-րդ առաջնությունն է: Մրցաշարն անցկացվելու է հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում:

Խմբային փուլի խաղերը կավարտվեն հունիսի 27-ին: Մրցաշարն անցկացվելու է Բրազիլիայի 12 քաղաքում՝ Ռիո դե Ժանեյրո, Ռեսիֆի, Սալվադոր, Սան Պաուլու, Պորտու Ալեգրի, Մանաուս, Ֆորտալեզա, Նատալ, Բելու-Հորիզոնտի, Բրազիլիա, Կույաբա, Կուրիտիբա:

Մրցաշարի բացման հանդիպումն անցկացվելու է Սան Պաուլուի «Արենա Կորինտիանս» մարզադաշտում, ուր իրենց ուժերը կչափեն Բրազիլիայի ու Խորվաթիայի հավաքականները:

Ուշագրավ է, որ Բրազիլիան կդառնա 5-րդ երկիրը, որին վստահվել է Աշխարհի առաջնությունն անցկացնել երկրորդ անգամ: Ավելի վաղ նման պատվի են արժանացել Մեքսիկան, Իտալիան, Ֆրանսիան ու Գերմանիան:

Բրազիլիայում առաջին անգամ Աշխարհի առաջնությունն անցկացվել է 1950 թվականին, որի ժամանակ նրա հավաքականը եզրափակիչ խաղում զիջել է Ուրուգվայի հավաքականին: 2014 թվականի մրցաշարը կդառնա երկրորդ անընդմեջ մրցաշարը, որն անցկացվում է Եվրոպայի սահմաններից դուրս (2010 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվել է ՀԱՀ-ում):

Բրազիլացիները երազում են աշխարհի ուժեղագույն հավաքականի տիտղոսին վեցերորդ անգամ արժանանալու մասին: Մինչ այս «գնդակի կախարդները» հաղթել են 1958, 1962, 1970, 1994 և 2002 թվականների մրցաշարերում: Բուքմեյքերներն այս անգամ մրցաշարում «սելեսաոյի» հաղթանակի հավանականությունը գնահատել են 4,00 գործակցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս