Օբաման մեկ տարով երկարաձգել է Բելառուսի ղեկավարության դեմ պատժամիջոցները
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Բելառուսի ղեկավարության դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների գործողությունը: Համապատասխան հրամանն ուղարկվել է Կոնգրեսին:
Դրանում նշված է, որ պատժամիջոցների տակ ընկած անձինք շարունակում են մեծ վտանգ սպառնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը: Առաջին անգամ նման հրաման ստորագրվել է 2006 թվականին՝ ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի կողմից:
Պատժամիջոցները մասնավորապես առնչվում են Բելառուսի ղեկավարության 10 ներկայացուցիչների, այդ թվում նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սեփականության ու ակտիվների արգելափակում: 2006 թվականից հետո այդ հրամանն ամեն տարի թարմացվում է: