Կես միլիարդ դոլարի հանելուկը
«Ընկածին չեն խփում», «ընկած ցուլի մոտ դանակավորներն են շատանում»: Այս առածներն այսօր ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ մեջբերեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և արձանագրեց, որ ներկայացված տվյալներից հասկանալի է, որ որևէ տնտեսական աճ գոյություն չունի, ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի գերազանցել նախաճգնաժամային վիճակը, երկիրը գտնվում է խոր ստագնացիայի մեջ, բյուջեում նախատեսված էր, որ արտահանման աճը պետք է այնպիսի տեմպեր ունենա, որ գերազանցի ներկրման տեմպերը, բայց նախանշված 15%-ի փոխարեն եղավ 7%, այսինքն՝ շարունակվելու է մուրալու միտումը:
Լ.Զուրաբյանի կարծիքով՝ եկամուտների հավաքագրումը ձեռք է բերվել հարկային բեռի հաշվին, իսկ ստվերի մասին խոսելն ավելորդ է:
Նա սենսացիոն անվանեց վերջին օրերին իր բարձրաձայնած հանելուկը, որ տարվա վերջին ԿԲ-ում կառավարության հաշվեկշռին 189 մլրդ դրամ է առկա, որից 75 մլրդը բյուջեինն էր, մնացածը համայնքներինը. «Բայց էական չէ, դա համայնքներինն է, թե կառավարությանը, իսկ 75 մլրդն էլ քիչ չէ: ԱԺ-ում չլինեի, այլ բառ կօգտագործեի, բայց կառավարությունը թիկունքը բաց ման է գալիս, պարտքը հասել է վերին շեմին»: Նրա կարծիքով՝ այս երկիրը, որ աղքատության, Ադրբեջանի խնդիր ունի, բազմաթիվ փողային խնդիրներ ունի, տարվա վեջում ունեցել է չծախսված կես միլիարդ դոլար: Ըստ Զուրաբյանի՝ այդ գումարն օգտագործվել է ապօրինի «ֆռռացնելու» համար. «Եթե այս կես միլարդի հանելուկը չբացահայտվի, դուք կապացուցեք ձեր կրիմինալ բնույթը»: