ԱՄՆ պետդեպարտամենտում այսօր լսումներ են անցկացվելու Ադրբեջանում ստեղծված իրավիճակի շուրջ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտում այսօր լսումներ են անցկացվելու Ադրբեջանում ստեղծված իրավիճակի շուրջ: Դրանք մեկնարկելու են Բաքվի ժամանակով ժամը 19.00-ին:
Լսումները նվիրված են Ադրբեջանում ժողովրդավարության շուրջ իրավիճակի վատթարացմանն ու քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ճնշմանը: Զեկույցներով հանդես են գալու ԱՄՆ պետքարտուղարի օգնականներ Թոմաս Մելիան ու Էրիկ Ռուբինը:
Լսումները նաև կապված են նրա հետ, որ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի պատվիրակությունը հունիսի վերջին մասնակցելու է Բաքվում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ-ի նիստին:
Քննարկման մասնակիցները գնահատականներ կտան ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին և նրան, թե ինչպես է այդ հարաբերությունների վրա ազդում Ադրբեջանի ներքին իրավիճակը: