Վարչապետը մասնակցել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդաժողովի բացմանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը:
Խորհրդաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տերունական աղոթքով և օրհնությամբ, որից հետո ելույթով հանդես է եկել Հայաստանի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հույս հայտնել, որ խորհրդաժողովը կնպաստի Սիրիայում քաղաքական և միջկրոնական երկխոսության հաստատմանը: Իր խոսքում երկրի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մենք բոլորս մեծ ցավ ենք ապրում, երբ ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում և, հատկապես, Սիրիայում տևական ժամանակ ընթացող ներքաղաքական ճգնաժամին, որը, վերածվելով քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու անդառնալի կորուստների պատճառ դարձավ: Սիրիական ճգնաժամը, որի ընթացքում առկա էին նաև կրոնական ծայրահեղականության դրսևորումներ, քրիստոնեական եկեղեցիների համար ևս ցավալի հետևանք ունեցավ, երբ փորձ էր արվում հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել: Ցանկացած նման փորձ դատապարտելի է, քանի որ մենք համոզված ենք, որ բոլոր կրոնները խաղաղություն են քարոզում:
Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում արյան մեծ գնով է վճարել խաղաղության և անկախության համար: Հայաստանի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ` հիմնվելով միջազգայնորեն ընդունված սկզբունքների և նորմերի վրա՝ միևնույն ժամանակ հարգելով արցախահայության ազատ և անկախ ապրելու ինքնորոշման իրավունքը:
Մենք նաև մի ժողովուրդ ենք, որը 20-րդ դարասկզբին ենթարկվեց ցեղասպանության և զրկվեց իր պատմական հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից: Հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կրկին վերապրեց այդ դառը ցավը, երբ այս տարի գարնանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ծայրահեղական խմբավորումները գրավեցին Սիրիայի մեծամասամբ հայաբնակ Քեսաբ քաղաքը:
Վաղը դուք այցելելու եք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և աղոթելու եք բյուրավոր նահատակների համար, ովքեր 20-րդ դարասկզբին ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից: Ցեղասպանության թանգարանում ականատես կլինեք բազմաթիվ փաստերի, թե ինչպես Սիրիայի տարածքում մեծ թվով պետական այրեր, այդ թվում մահմեդական առաջնորդներ, դեմ կանգնեցին թուրքական կառավարության որոշմանը և պաշտպանեցին հայերին` նրանց ապաստան տրամադրելով Հալեպում, Դամասկոսում, Սիրիայի այլ քաղաքներում: Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա»:
Եզրափակելով խոսքը՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Սիրիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները կնպաստեն երկխոսության ծավալմանը՝ առկա խնդիրները լուծելու և երկիրը վերակառուցելու համար: Վարչապետը խորհրդաժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Հունիսի 11-12-ն անցկացվող միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից և ԱՄՆ-ից քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ: Կարծարծվեն «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում ու Սիրիայում և դրանց հեռանկարները» թեմաներին վերաբերող հարցեր: