Քառյակը՝ կառավարությունո՞ւմ, թե՞ հակառակը

Պատկերացրեք՝ տեղի է ունենում կառավարության նիստ, որը վարում է նախագահ Սերժ Սարգսյանը: Օրակարգի հարցը շատ ընդհանուր ձևակերպում ունի. «ինչ քայլեր ձեռնարկել, որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը փոքր-ինչ բարելավվի, սակայն դա չվնասի գործող իշխանության դիրքերին և շահերին, ինչպես նաև ապահովի իշխանության համախմբումն ընդդիմության հետ»: Տեղի է ունենում շահագրգիռ քննարկում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացնում է մի քանի քայլեր, որոնցով կարելի է մեղմել հանրային դժգոհությունը:

Մասնավորապես՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը վերափոխել «պարտադիր, բայց ոչ պարտադրված» սկզբունքով, փոքր-ինչ թեթևացնել արագաչափերի ու ավտոկայանատեղիների համար գանձվող գումարների ու տույժերի չափը, փոփոխություններ կատարել հարկային օրենսդրության մեջ՝ նվազեցնելով շրջանառության հարկի ներքին շեմը՝ տարեկան 58 մլն դրամից 138 մլն դրամ:

Ընդհանուր գծերով առաջարկները ներկայացնելուց հետո խոսքը տրվում է գյուղատնտեսության նախարարին, ով կարծիք է հայտնում, որ գյուղատնտեսությանն ուղղվող սուբսիդիաների ավելացումը կարող է խթանել գյուղացիական տնտեսությունների գործունեությունը, թեթևացնել գյուղացիների ծանր վիճակը: Խոսք է խնդրում նաև էներգետիկայի նախարարն ու ասում, որ նախորդ կառավարությունը չափն անցել է «Նաիրիտի» հարցում, և հարկ է օր առաջ վճարել աշխատակիցների աշխատավարձերը և վերջապես կազմել գործարանի վերագործարկման ռազմավարություն: Վերջում խոսքի իրավունք է հայցում նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և հայտարարում, որ անթույլատրելի է ստորագրել որևէ միջազգային պայմանագիր կամ փաստաթուղթ, որով կխաթարվի ՀՀ-ի և ԼՂ-ի միջև հաստատված հարաբերությունների ներկա համակարգը, այդ թվում՝ տնտեսական մասով:

Նիստի վերջում իր ասելիքն է ներկայացնում նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ շեշտելով, որ անհրաժեշտություն է առաջացել ընդունել ընդդիմության մասին օրենք, որով ընդդիմությանը կվերապահվեն վերահսկողական ֆունկցիաներ:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Սերժ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնում Հովիկ Աբրահամյանից՝ ընդհանուր առմամբ, և կառավարության առանձին անդամներին՝ մասնավորապես՝ արձանագրելով, որ նշված առաջարկները գոնե քարոզչության դաշտում չեն սասանի իշխանության դիրքերը, իսկ քաղաքականապես ավելի ամուր կդարձնեն դրանք:

Նախագահն արձանագրում է նաև, որ նշված առաջարկությունները՝ դրական լինելով հանդերձ, ունեն որոշակի թերություններ այն իմաստով, որ պահանջում են որոշակի ծախսեր, որոնց տեսանելի աղբյուրները գտնվում են իշխանության անսասանությունն ապահովող ընկերների բիզնեսներում:

Ս. Սարգսյանը հանձնարարում է 10-օրյա ժամկետում շտկել այս թերությունը և գտնել ընկերների կորուստների փոխհատուցման նոր աղբյուրներ: Կառավարության նիստն ավարտվում է: Բոլոր ներկաները հանգիստ շունչ են քաշում, միացնում են համակարգիչները և ծանոթանում են… քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջներին: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում Հովիկ Աբրահամյանին:

 

Տեսանյութեր

Լրահոս