Խաթունա Չապիչաձե. «Իլյա Երկրորդի հեղինակությունը 90 տոկոս է»
tesankyun.am-ը գրում է. Մայիսի 24-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած «Հարավկովկասյան միություն, կողմ եւ դեմ: Վրաստանի դերը եւ ներուժը» թեմայով հասարակական լսումների ժամանակ Վրաստանից լրագրող Լիա Ադիլխանովան զեկուցող Խաթունա Չապիչաձեին հարց տվեց հարավկովկասյան միության ստեղծման գործում վրաց ուղղափառ եկեղեցու բացասական դերի մասին,որ այն դեմ է բարեփոխումներին:
Չապիչաձեն ասաց.
«Դա շատ բարդ հարց է: Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր շատ հակասական է: Այն, ցավոք, հակասության մեջ է առաջադիմական գաղափարներին: Ի՞նչ կարելի է անել: Վրաց ուղղափառ եկեղեցին շատ մեծ հեղինակություն ունի,որը գերազանցում է բոլոր քաղաքական գործիչներին, Իլյա Երկրորդի հեղինակությունը ավելի քան 90 տոկոս է»:
Չապիչաձեն ասաց, որ իրենք պետք է փոխվեն, դեպի Եվրոպական միություն Վրաստանի ձգտումները չեն պաշտպանվում զանգվածների կողմից, որոնք բողոքում են, նրանք ավելի ավանդական են, ցավոք, երբեմն հանդես են գալիս արմատական գաղափարներով: Եթե հասարակությունը չփոխվի, հաջողության չեն հասնի:
Չապիչաձեի խոսքերով՝ նման գործընթացներ եղել են Թուրքիայում, երբ կառուցվում էր նոր Թուրքիան, եւ դա հնարավոր եղավ հաղթահարել ժամանակի ընթացքում, խնդիրն այն է,թե ինչպես չեզոքացնել եկեղեցուն, որովհետեւ կա աշխարհիկության սկզբունքը,եկեղեցին իրավունք չունի խառնվելու հասարակության եւ պետության գործերին:
Չապիչաձեն ասաց, որ թեեւ ինքն ուղղափառ է, սակայն ինչո՞ւ պետք է ուղափառ եկեղեցուն այլ եկեղեցիների համեմատ արտոնություններ տրվեն: Չապիչաձեն համոզված է, որ մի քանի տասնամյակ հետո խնդիրը լուծվելու է, որ կրթությունը դրա համար մեծ գործիք է: