Ադրբեջանը, շուտով նաև Հայաստանը կփլուզեն վրացական ավտոշուկան. Эхо Кавказа
Эхо Кавказа ռադիոկայանի փոխանցմամբ` Ադրբեջանի կողմից 2005 թվականից առաջ արտադրված ավտոմեքենաների ներկրման վրա դրած սահմանափաումներն ու Հայաստանում մաքսատուրքերի առաջիկա բարձրացումը հարվածի տակ են դնում վրացի ավտոդիլերների բիզնեսը:
Ադրբեջանը 2014 թվականի ապրիլի 1-ից սահմանափակումներ է մտցրել այն ավտոմեքենաների ներկրման նկատմամբ, որոնց տարիքը գերազանցում է 8 տարին: Վրացի ավտոդիլերները ակնկալում են, որ նաև կբարձրացվեն Հայաստան ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերը` կապված Մաքսային միությանը նրա անդամակցության հետ:
Ավտոդիլեր Մինդիա Զաքարեիշվիլին հայտարարել է. «Այն բանից հետո, ինչ Ադրբեջանը սահմանափակումներ է մտցրել, մենք չենք կարողանում ավտոմեքենա վաճառել: Հարվածի տակ են դրվել ավելի քան 20.000 մարդու ու նրանց ընտանիքների շահերը, որոնք իրենց բոլոր խնայողությունները ներդրել են տվյալ բիզնեսում»:
Ռադիոկայանի տվյալներով` Ադրբեջանը վերջին տարիներին հանդիսացել է Եվրոպայից ու ԱՄՆ-ից Վրաստան ներկրված ավտոմեքենաների գլխավոր վաճառաշուկան: Օրինակ, 2013 թվականին Ադրբեջանը Վրաստանից ներկրել է մի քանի տասնյակ հազար ավտոմեքենա, մինչդեռ այս տարի այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 2500 ավտոմեքենա:
Վրաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի ղեկավար Շալվա Օգբաիձեն հայտարարել է, որ նախորդ տարի Վրաստանը Հայաստան է արտահանել մոտ 17.000 ավտոմեքենա. «Սակայն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միջին դասի ավտոմեքենայի համար մաքսատուրքը կհասնի մինչև 14.000 դոլարի, ինչը խաչ կքաշի Հայաստան ավտոտրանսպորտի վերաարտահանման վրա»:
Նշվում է, որ սա Վրաստանի ավտոմեքենաների վերաարտահանման պատմության մեջ առաջին հարվածը չէ: 2009 թվականին նման իրավիճակ ստեղծվեց Ղազախստանում: Տարեկան այդ երկիր էր արտահանվում 20.000 ավտոմեքենա, սակայն Մաքսային միությանը Ղազախստանի միանալուց հետո Վրաստանից ավտոմեքենաների ներկրումը նվազեց մինչև զրոյի:
Թբիլիսիից 11 կիլոմետր հեռավորության վրա ընկած Ռուսթավիի ավտոշուկան ամենամեծ հրապարակն է Կովկասում: Նրա տարածքը կազմում է 250.000 քառակուսի մետր: Մարդատար մեքենաները մեծ դեր են խաղում Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության մեջ:
2013 թվականին Վրաստան է ներկրվել 710.5 միլիոն դոլարի մարդատար ավտոմեքենա, ինչը կազմում է ողջ ներկրման 9 տոկոսը: Միևնույն ժամանակ Վրաստանն արտահանել է 703.9 միլիոն դոլարի մարդատար ավտոմեքենա, ինչը կազմել է Վրաստանի ողջ արտահանման 24.2 տոկոսը: