Բաժիններ՝

Պուտինն ու Պորոշենկոն որոշել են Ուկրաինայի ճգնաժամը կարգավորել խաղաղ ճանապարհով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայում քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքերով՝ նախագահներն ընդգծել են, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական խաղաղ միջոցներով, և որ դա չունի այլընտրանք: Պուտինն ու Պորոշենկոն հանդես են եկել արյունահեղության ու ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման օգտին:

Պեսկովի խոսքերով՝ Պուտինը Նորմանդիայում «ոտքի վրա» հանդիպումներ է ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Նշվում է, որ հանդիպման վերջում Պուտինն ու Պորոշենկոն սեղմել են միմյանց ձեռքը:

Պուտինը երեկ հայտարարել էր, որ Պորոշենկոն կարող է կանգնեցնել Դոնբասի հակամարտությունը՝ ընդգծելով, որ Պորոշենկոյի ձեռքերը դեռ թաթախված չեն արյան մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս