Համալիրը գնահատվել է որպես անշարժ գույք` հաշվի չառնվելով նրա պատմամշակութային արժեք ներկայացնելու փաստը (տեսանյութ)
«Մարզահամերգային համալիրի աճուրդի գործընթացը ուղղորդված է»,- այսօրօրվա ասուլիսում հայտարարեց Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը: Այդ գործընթացը, ըստ Կ. Գրիգորյանի՝ ունի մի քանի նպատակ. «Քողարկել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ընկերության միջոցով այլ վարկային միջոցներով երաշխիքները մարելու գործարքները, ակնհայտ իրավականությունը չհամապատասխանող տեղեկություններ տարածելով` ստվերել մարզահամերգային համալիրում 2005-2007 թվականների ընթացքում կատարած շուրջ 42 միլիոն ԱՄՆ դոլարի չափով օտարերկրյա ներդրումների անժխտելի փաստը, նախապես մտածված սցենարով` ծուղակ է ստեղծվել ընկերության համար` կյանքի կոչելով համալիրը ձեռք բերելու որոշ մարդկանց ցանկությունը:
ԴԱՀԿ ծառայության անօրինական գործողությունների պատճառով` անհաղթահարելի իրավիճակ է ստեղծվել ընկերության բնականոն գործունեության համար: Այդ իսկ պատճառով մարզահամերգային համալիրը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը և սա արդեն մոտ 2-3 ամիս»:
Մարզահամերգային համալիրի գործող փաստաբան Արմինե Հակոբյանն էլ ասաց, որ հիմնական դատական պրոցեսների հետ կապված ինքը որևէ տեղեկություն չի կարող տրամադրել, քանւ որ դատական նիստը դռնփակ է տեղի ունեցել, և ինքը ստորագրել է գաղտնիության փաստաթուղթ ու կարող է խոսել միայն կատարման փուլի հետ կապված, որն, ըստ նրա՝ իրականացվում է բազմաթիվ օրենքների խախտումներով:
«Առաջին հերթին, ԴԱՀԿ մասին օրենքի 37 հոդվածի 7-րդ մասով դիմվել է դատարան կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ որոշում ստանալու, ինչի իրավունքը չուներ, քանի որ դատարանը չի կարող խորհրդատվական բնույթի որոշումներ տալ, ստացվում է, որ հարկադիր կատարողը դիմել է դատարան, որպեսզի խորհուրդ հարցնի դատարանից, թե ինչպես առաջնորդվի և կիրառի իր՝ ԴԱՀԿ մասին օրենքը: Այդ գործընթացը դեռևս օրինական ուժի մեջ չմտած որոշմամբ` ներկայումս այդ գործը քննվում է վերաքննիչ դատարանում և հունիսի 4-ին նշանակված էր դատական նիստ: Դեռևս օրինական ուժի մեջ չմտած որոշումով ԴԱՀԿ ծառայությունը գործողություններ է կատարում»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ քանի որ չի կայացել առաջին աճուրդը, գույքը գտնվում է կրկնաճուրդում և 10 % իջեցված գնով (ներկայումս 17 միլիարդ 415 միլիոն դրամ գումարով) գտնվում է ԴԱՀԿ-ի կրկնաճուրդում. «Հունիսի 4-ին վերաքննիչ դատարանի դատական նիստը չկայացավ, քանի որ ես միջնորդություն էի ներկայացրել, որ լրատվամիջոցները ևս ներկա գտնվեին (քանի դռնբաց դատական նիստ էր, և առաջին ատյանում այդ գործը քննվել է դռնբաց կարգով), բայց դատարանը մերժեց իմ միջնորդությունը, լրատվամիջոցները դուրս եկան դատական նիստից, ինձ առաջարկվեց, որ ես ևս ստորագրեմ գաղտնիության փաստաթուղթ, և ես, բնականաբար, հրաժարվեցի, ու դատական նիստը չկայացավ»:
Ա. Հակոբյանը տեղեկացրեց, որ ներկայումս հաջորդ նիստը նշանակված է հունիսի 11-ին. «Այսինքն` դեռևս մենք բողոքարկման փուլում ենք գտնվում, իսկ ԴԱՀԿ ծառայությունն իր աճուրդում վաճառում է ընկերության գույքը: Կուզեմ` շատ մեծ ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի, որ կառավարության որոշման համաձայն` համալիրը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան, ինչի համար մենք դիմել ենք Մշակույթի նախարարություն, որպեսզի ճշտենք` գույություն ունե՞ն արդյոք այդ անշարժ գույքը գնահատելու չափորոշիչներ, ինչին պատասխան ենք ստացել, որ ներկայումս նման չափորոշիչներ մշակված չեն, և առաջարկվել է ստեղծել հանձնաժողով, որպեսզի իրական գնահատվի այդ գույքը: Ներկայումս ԴԱՀԿ ծառայությունն ուղղակի որպես անշարժ գույք է գնահատել` ընդհանարապես հաշվի չառնելով նրա պատմամշակութային արժեք ներկայացնելու փաստը»:



