Նորմանդիայում մեկնարկում են դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նորմանդիայում մեկնարկում են 1944 թվականի հունիսի 6-ին դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: «Օվերլորդ» գործողությունը հանդիսացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի տվյալ հատվածի խոշորագույն ճակատամարտը՝ սկիզբ դնելով Արևմտյան ճակատի բացմանը:
Միջոցառումների մեկնարկը տալու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով Կանն քաղաքի Խաղաղության թանգարանում ծաղկեպսակ կդնի Դիմադրության շարժման զոհերի հիշատակին: Միջոցառումների միջազգային մասի մեկնարկը տրվելու է ծովափից 7 կիլոմետր հեռավորության վրա ընկած Շատո դե Բենուվիլի շքեղ առանձնատանը:
Հենց այդ շրջանում ափհանման ժամանակ անգլիական ու ֆրանսիական դեսանտն ինտենսիվ մարտեր է մղել գերմանական զորքերի դեմ: Միջոցառմանը մասնակցելու են պատերազմին մասնակից 19 երկրի առաջնորդներ: Սակայն գլխավոր հյուրերի դերում հանդես են գալու վետերանները՝ շուրջ 1000 մարդ, որոնց մեծ մասի տարիքն արդեն իսկ գերազանցում է 90 տարին: Կան նաև իրենց 100 տարին բոլորած վետերաններ:



