Չինաստանն ու արաբական երկրները հունիսի 5-ին կքննարկեն առաջիկա 10 տարում համագործակցության պլանները
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ հունիսի 5-ին տեղի է ունենալու Չին-արաբական համագործակցության նախարարական 6-րդ ֆորումը, որում հստակեցվելու են առաջիկա 10 տարում համագործակցության պլանները:
Դա առաջին հերթին վերաբերվում է էներգետիկ ու առևտրի ոլորտներում Չինաստանի ու արաբական երկրների համագործակցության զարգացմանը: Կողմերի ուշադրության կենտրոնում կգտնվեն նաև 2014-2024 թվականներին միջուկային ու այլընտրանքային էներգետիկան, տիեզերական ոլորտը:
Կարևորվում է արաբական երկրների հետ «Մետաքսե ճանապարհ» տնտեսական միջանցքի և ծովային «Մետաքսե ճանապարհի» ստեղծումը: Վերջին 10 տարում կտրականապես աճել է արաբական երկրներից Չինաստանի կողմից նավթի ներկրումը՝ 40.6 միլիոն տոննայից հասցվելով 133 միլիոն տոննայի:
Չինաստանն Արաբական աշխարհի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է, իսկ արաբական 9 երկրի դեպքում՝ թիվ մեկ առևտրային գործընկերը: Վերջին 10 տարում կտրականապես աճել է նաև Չինաստանի ու արաբական երկրների միջև առևտրի ծավալը՝ 25.5 միլիարդ դոլարից հասնելով 239 միլիարդ դոլարի: