Քեմերոնը դեմ է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում 1980-ականների քաղաքական գործչի նշանակմանը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը զգուշացրել է, որ չի կարող երաշխավորել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի հետագա անդամությունը, եթե Եվրահանձնաժողովի ղեկավար ընտրվի Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերը:
Քեմերոնի խոսքերով` 1980-ական թվականների քաղաքական գործիչը չի կարող է լուծել հետագա հինգ տարիների խնդիրները: Քեմերոնը մտավախություն ունի, որ Յունկերի ընտրությունը չի նպաստի ԵՄ-ի հետ Միացյալ թագավորության նոր հարաբերությունների կառուցման իր պլաններին:
ԵՄ-ի անդամ երկրների առաջնորդներն ընտրում են Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածուին, ինչից հետո անհրաժեշտ է Եվրախորհրդարանի հավանությունը: Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով մանդատների մեծ մասը ստացած Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) տվյալ պաշտոնում առաջադրել է Լյուքսեմբուրգի նախկին վարչապետի թեկնածությունը:
Ներկայումս Եվրահանձնաժողովը գլխավորում է Ժոզե Մանուել Բառոզուն: Քեմերոնն ընտրողներին խոստացել է, որ կվերանայի ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության պայմանները, և 2015 թվականի ազգային ընտրություններում պահպանողականների հաղթանակի դեպքում 2017 թվականի ավարտին կանցկացնի ԵՄ-ի կազմում մնալ-չմնալու մասին հանրաքվե: