Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրվելու է մայիսի 29-ին. Պուտին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրվելու է նշանակված ժամկետում՝ մայիսի 29-ին.
«Այսօր մենք շատ լուրջ քայլ կատարեցինք դեպի առաջ: Փորձագիտական մակարդակով մշտապես չէ, որ հաջողվում է պայմանավորվել մի շարք մանրուքների շուրջ, որոնք ներկայացնում են պայմանավորվող կողմերի շահերը: Սակայն մենք այսօր էականորեն առաջ գնացինք, և կան բոլոր հիմքերը՝ կարծելու համար, որ մենք ստորագրումը կիրականացնենք սահմանված ժամկետում»:
Անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին՝ Պուտինը հայտարարել է, որ դրանք ոչ մի կերպ չեն կարող ազդել եվրասիական ինտեգրման վրա: Պուտինը վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի կնքումը հնարավորություն կտա ևս մեկ քայլ կատարել երեք երկրների միջև փոխգործակցության խորացման հարցում.
«Դա հնարավորություն կտա մեծացնել մեր տնտեսությունների մրցունակությունը, ներգրավել ներքին ու արտաքին ներդնողների: 170 միլիոնանոց այդ շուկան կարող է ձեռք բերել հավելյալ գրավչություն և դառնալ առավել բովանդակալից»:
Նշվում է, որ Միասնական տնտեսական տիրույթին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագիծը պետք է պատրաստվի մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը: