Քաղաքագետը` Գալուստ Սահակյանի ընտրության մասին. «Դա ի՞նչ կապ ունի պետության և հասարակության հետ»
Այսօր Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքներով` ձայների 101 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ, ԱԺ նախագահ ընտրվեց ԳալուստՍահակյանը:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նոր նախագահի ընտրություններին և Գալուստ Սահակյանի ընտրությանը, ասաց, թե շատ քիչ է հետաքրքրվում Ազգային ժողովով, որովհետև դրա ձևավորման տեխնոլոգիան, ձևերն այնքան կասկածելի են, որ «հետո խորանալ, տեսնել` որն է ԱԺ-ի ներսում ճիշտն ու սխալը, ճիշտ չի լինի»:
«Բնական է` եթե այդ մարմինն ազատ ընտրություններով չի ձևավորվում, ապա մնացածն էլ գնում է նույն տրամաբանության մեջ: Ես որևէ նոր բան չեմ տեսնում»,- նշեց նա:
Պատասխանելով հարցադրմանը, թե, փաստորեն՝ ընտրվեր Գալուստ Սահակյանը կամ մեկ ուրիշը, միևնույն է՝ ոչինչ չէ՞ր փոխվելու, քաղաքագետն ասաց. «Դե, ասենք, պառլամենտում հավաքվածների, իշխանության լծակներին տիրապետելու տեսանկյունից այդ ամենն, իհարկե, էական է, բայց դա ի՞նչ կապ ունի պետության և հասարակության հետ: Պարզ է, որ կապ չունի, և լրիվ ուրիշ խնդիրներ են լուծվում: Ուստի, չարժի, որ անդրադառնանք այդ հարցերին, որովհետև ստացվում է, որ պետք է փորձենք պետականաշինության, պետական կյանքի և օրինականության պրիզմայով գնահատել անօրինականությունը: Սա ինքնին սխալ է, և ցանկացած նման գնահատական բերում է սխալ եզրակացությունների»: