Յացենյուկը քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել Սահմանադրության նախագիծը ստորագրել մինչև մայիսի 25-ը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը քաղաքական բոլոր ուժերին կոչ է անում մինչև մայիսի 25-ը (նախագահական ընտրությունների անցկացման օրը) ստորագրել Սահմանադրության նախագիծը՝ այն Վենետիկյան հանձնաժողովին ու Սահմանադրական դատարանին հանձնելու համար:
Այս մասին Ուկրաինայի Գերագոյն ռադայի նիստի բացման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նրա խոսքերով՝ Ուկրաինայի համար ներկայիս բարդ և բուռն ժամանակներում անհետաձգելի ու չափազանց անհրաժեշտ է համարվում միասնությունը:
Յացենյուկն ընդգծել է, որ Սահմանադրությունում փոփոխություններ անելու հիմնական նպատակը ոչ թե իշխանության համար պայքարն է, այլ՝ իշխանության բաժանումը:
Յացենյուկը հավելել է, որ Ուկրաինան ըմբոստացել է հենց դրա դեմ, քանի որ իշխանությունը կենտրոնացված է եղել մեկ ձեռքում՝ նախագահի մոտ, և սահմանադրական ներկայիս փոփոխությունները պետք է ապահովեն իշխանության հավասարակշռությունը: