Արամ Սարգսյան. «Մեր կառավարության այսօրվա խնդիրը ներքին կայունությունն է» (տեսանյութ)
«Ես համոզված եմ, որ երկրի վիճակը փոխելու համար այսօրվա կառավարությունը, որը ձեւավորվելու է, առաջին հերթին պետք է հաշվետվությամբ հանդես գա, թե ինչ է արել նախորդ կառավարությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ դա ոչ թե նրա համար է, որ մենք տեսնենք բոլոր արատները, այլ ուղղակի հասկանանք, թե նախորդ կառավարությունը ինչ է արել 2.8 միլիարդ դոլարը, որը պետական պարտք է վերցրել:
«Հաջորդը` ի՞նչ քաղաքական կուրս է վարել, որը մեզ հաջողության չի բերել, այսինքն` այդ բարեփոխում կոչվածները արդյունք չեն տվել, եւ այդ դեպքում ի՞նչ պետք է արվի, որպեսզի այս իրավիճակը փոխվի»,- շարունակեց նա:
Բանախոսի կարծիքով` եթե քաղաքական կուրսը չի փոխվելու (իսկ Հանրապետության նախագահի հայտարարության համաձայն, պետք է հիմնականում ամեն ինչը նույն կերպ մնա), այս պարագայում ինքնին հասկանալի է, որ որեւէ էական փոփոխություն չենք կարող սպասել. «Իսկ մեզ հիմա անհրաժեշտ է (գլխավոր խնդիրը ՀՀ-ի համար, որը ես կապում եմ նաեւ մեր Արցախյան հիմնահարցի հետ) պահպանել մեր երիտասարդությունը, որպեսզի մենք կարողանանք հույս ներշնչել նրանց, որ իրենք հեռանկար ունեն իրենց երկրում, որպեսզի մենք կարողանանք նրանց ապահովենք աշխատանքով եւ վայել աշխատավարձով:
Եթե այս խնդիրը չլուծվի՝ մենք միանշանակ տանուլ ենք տալու այդ ֆրոնտում, որովհետեւ Ալիեւն առավոտն արթնանում է, գիշերը քնում միայն ու միայն երազելով, թե երբ է նա իրականացնելու այդ ավանտյուրան, որն ինքն արդեն իսկ նախապատրաստել էր 2008 թվականին` վրաց-ռուսական պատերազմի ժամանակ: Հիմա էլ է նա նախապատրաստված: Հիմա էլ է նա սպաում, որ Ռուսաստանի գլուխը մի փոքր խառնվի, այլ կողմ նայի, ինքը փորձի այս իավիճակը շտկել իրենց օգտին: Ուրեմն նշանակում է, որ մեր կառավարության այսօրվա խնդիրը ներքին կայունությունն է»:
Ըստ բանախոսի` ներքին կայունությունը հենց այնպես չի լինում. «Պետք է անպայման լինեն ձեռնարկություններ, պետք է իրականացվի փոքր եւ միջին ձեռնարկությունների ձեւավոման ծրագիրը ամբողջ հանրապետությունով մեկ: Սա, այսպես ասած, համար մեկ խնդիրն է, որը պետք է դրված լինի այսօրվա կառավարության առջեւ»:
Ա. Սարգսյանը նշեց, որ քաղաքական տեսանկյունից այս պահին այն թիմը, որը պետք է ձեւավորվի Հովիկ Աբրահամյանի շուրջ, հավանաբար, պետք է ամեն ինչ անի, որ դուր գա ժողովրդին` հեռանկարում տեսնելով 2018 թվականը, իհարկե, եթե մինչ այդ այս կառավարությունը դիմանա. «Բայց կարծում եմ, որ եթե այս ճանապարհով գնանք մենք հեղափոխական շարժ երկրում չենք ունենա, ի նկատի ունեմ վերելք ապրելու ուղղությամբ: Դրա համար իմ տեսակետը այն է, որ երկրորդ խնդիը պետք է լինի, արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որովհետեւ այսօր Հանրապետական կուսակցությունից շրջվեցին գրեթե բոլոր քաղքական ուժերը եւ կնշանակի, որ նրանց քաղաքական կուրսն, իրոք, չեն էլ պաշտպանում: Սա նոր իրավիճակ է ստեղծում, որքան էլ նրանք փորձեն այդ իրենց մեծամասնությամբ այս պահին որոշումներ կայացնեն, դրանք չեն ընդունվում հասարակության կողմից, եւ դա կբերի նոր սրացումների:
Ճիշտ կլինի, որ խորհրդարանական նոր ընտրություններ լինեն նաեւ այն պատճառով, որ Հայաստանի քաղաքական կուրսն է փոխվել: Մի ժամանակ նրանք որոշել էին գնային Եվրոմիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու եւ ավելի սերտանալու նրանց հետ, հիմա գնում են Մաքսային միություն: Տարբերությունը շատ մեծ է, եւ պատահական չէ, որ այն տնտեսական բլոգի նախարարները, որոնք այսօր գործում են, անպայման կփոխվեն: Չի՛ լինում այդպես: Մի օր այսպես ես վարվում, մյուս օրը 180 աստիճան փոխում ես քո դիրքորոշումը: Դրա համար խորհրդարանական նոր ընտրությունները կբերեն նրան, որ հասարակությունը վերջապես իրական ընտրություն կատարի, համենայն դեպս դա է մեր համար երկրորդ խնդիրը»: