Վարդան Պետրոսյան. «Նիվա» ավտոմեքենան հետընթացով դուրս է եկել բանուկ մաս և ես չեմ կարողացել, ցավոք սրտի, մանևրել
Աբովյանի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդության լուծումը՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին:
Դատարանում մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։
Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի և էդգար Հայկի Հակոբյաններին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ, էմմա, Արթուր Հակոբյանների առողջությանը՝ միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Դիրքորոշում հայտնելով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ՝ Վարդան Պետրոսյանն ասաց, որ իրեն առաջադրավ մեղադրանքի և մահացած երեխաների ծնողների վրաբերյալ իր դիրքորոշումն այլ է. «Ես ճանապարհի վրա երթևեկության կաննոները չեմ խախտել, որովհետև չեմ գերազանցել արագությունը, բջջային հեռախոսով ես վթարին նախորդող պահին չեմ խոսել»:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ ինքը կառավարման հնարավորությունը չի կորցրել, կողնակ չի մտել. ««Նիվա» ավտոմեքենան հետընթացով դուրս է եկել բանուկ մաս և ես չեմ կարողացել, ցավոք սրտի, մանևրել և մեքենան ուղղորդել ուրիշ ուղղությամբ: Ուրեմն ինձ առաջադրված մեղադրանքի մեջ, ես ուզում եմ շատ հստակ ասել, երբեք դա չխառնեք Հակոբյանների ընտանիքին: Ինձ առաջադրված մեղադրանքի մեջ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:
Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը Վարդան Պետրոսյանին հարց ուղղելով՝ ասաց, որ վերջինս հարցազրույց է տվել ու ասել, որ պատրաստ է որոշակի տարիներ ազատազրկված լիներ: «Անգամ ցմահ»,- արձագանքեց Վ. Պետրոսյանը:
Նշելով, որ Վ. Պետրոսյանը խոսել է այն մասին, որ պատրաստ է պատիժ կրել, Ռ. Բալոյանը հետաքրքվեց՝ այդ դեպքում ինչո՞ւ իրեն մեղավոր չի ճանաչում: Ռ. Բալոյանի «հուշել չկա»-ին՝ Վ. Պետրոսյան արձագանքեց. «Հանկարծ չհուշեք, երկուս կստանամ չէ՞»:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանն էլ արձագանքեց, որ ամբաստանյալը դատարանում է գտնվում և ոչ թե այլ վայրում, որ «կարողանա ինչ-որ այլ ելույթներ ունենալ»: Վ. Պետրոսյանի դիտարկմանը, որ այդ մասին ասաց կողմը, դատավորն արձագանքեց. «Տեղյակ չե՞ք, որ դատարանում երկուս չեն ստանում»:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ այս գործը երկու կողմ ունի՝ բարոյական և իրավական: «Հենց որ քայլ ենք անում մենք օրենքի բագավառում, անմիջապես հարց եք բարձրացնում բարոյական կողմից: Երբ քայլ ենք փորձում անել բարոյական կողմից, անմիջապես իմ առաջ հառնում է օրենքը»,- ասաց Վ. Պետրոսյանը՝ նշելով, որ Ռ. Բալոյանն իրեն զուտ բարոյական հարց է տալիս: