Մանվել Բադեյանը՝ ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի միայնակ մնալու մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի գնահատմամբ՝ կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալը էմոցիոնալ պոռթկում է, ինչն էլ ցույց է տալիս նրանց թաքնված նկրտումները: Նրա խոսքով՝ կոալիցիայից դուրս գալուց հետո Արթուր Բաղդասարյանը սկսելու է պատրասվել 2018թ. նախագահական ընտրություններին: «Թե տակտիկական ինչ քայլերով պետք է հասնեն դրան, չեմ կարող ասել: Մի դեպքում կոալիցիա ստեղծելու ձեւը նախընտրեցին, օգտագործեցին ՀՀԿ-ի հեղինակությունը և բավականին ձայներ հավաքելով՝ կարողացան ԱԺ մտնել…»,- ասաց Մ. Բադեյանը՝ հավելելով, թե չի կարող կռահել՝ ինչ պահվածք կորդեգրի ՕԵԿ-ը, քանի որ շատ դեպքերում նրանց պահվածքը պայմանավորված է էմոցիոնալ պոռթկումներով:
Միաժամանակ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ՕԵԿ-ը այսուհետ քննադատելու է թե՛ ՀՀ նախագահաին, թե՛ կառավարությանը, թե՛ ՀՀԿ-ին. «Դա ընդդիմության սուրբ գործն է»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե ՀՀԿ-ին չի՞ մտահոգում, որ ոչ ոք չի ուզում համագործակցել իրենց հետ, Մանվել Բադեյանը պատասխանեց. «Կյանքը ցույց տվեց, որ կոալիցիաները արհեստածին են: Կարծում եմ՝ հիմա եկել է այն ժամանակը, որ ՀՀԿ-ն ազատ ու անկաշկանդ ռեժիմով իրականացնի իր ծրագրերը, իր տեսլականը»: