2,5-ամյա Լիայի մահվան գործով հարցաքննվեցին բժիշկները
«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվեցին կենտրոնի մի քանի աշխատակիցներ: Բուժքույր Անի Մինասյանը դատարանում ասաց, որ հերթապահել է 2013թ. հունվարի 2-ին, բժշկի հետ անկետաներով մտել են բոլոր հիվանդասենյակները. 4-րդ հիվանդասենյակում պառկած է եղել Լիա Միսակյանը, բժիշկը նշանակումներ է արել, որոնք ինքը կատարել է: Վկան պատմեց, որ Լ. Միսակյանի հայրն ասել է, որ երեխան «ծանր» է շնչում, ինքը հրավիրել է բժշկին, ով արյան անալիզ է նշանակել:
Ա. Մինասյանի խոսքով՝ որոշ ժամանակ անց իր ուղեկցությամբ Լ. Միսակյանի հայրը դստերը տարել է քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ, ով որոշ հանձնարականներ է տվել, որոնք կատարվել են. որոշ ժամանակ անց բժիշկը նշանակումներ է արել, ապա հրավիրել վիրաբույժի, ում նշանակմամբ հոգնա է արվել:
Բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Համբարձումյան ասաց, որ 2013թ. հունվարի 2-ին հերթապահել է բժշկական կենտրոնում, իրեն կանչել են բոքսային բաժանմունքից, ասել, որ պետք է վիրաբույժի խորհրդատվություն իրականացնել:
«Գնացել եմ բոքսային բաժանմունք, զննել եմ երեխային՝ Լիա Միսակյանին: Զննել եմ և զննման արդյունքներով պարզվել է, որ երեխայի մոտ սուր վիրաբուժական պաթոլոգիան ժխտվում է: Նշանակվել է հիպերտոնիկ հոգնա, որից որոշ ժամանակ անց նորից հետաքրքրվել ենք հիվանդի վիճակով և ստացել պատասխան, որ վիրաբուժական առումով որևէ գանգատ չկա»,- ասաց վիրաբույժը:
«Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական վիրաբույժ Ալբերտ Լալազարյանն էլ ասաց, որ 2013թ. հունվարի 2-ին հերթապահ վիրաբույժն իրեն ասել է, որ կանչվել է բոքսային բաժանմունքում պառկած Լիա Միսակյանի համար կոնսուլտացիայի, ով որովայնի փքվածություն է ունեցել, որի պատճառով վիրաբույժը խորհուրդ է տվել հոգնա անել: Նրա խոսքով՝ երբ որոշ ժամանակ անց գնացել են բոքսային բաժանմունք, տեղեկացել են, որ իրենց հետ կապված գանգատներ չկան:
Դատական նիստի ընթացքում մեղադրող Դ. Կարապետյանը միջնորդեց հաջորդ դատական նիստին հրավիրել և որպես վկա հարցաքննել լաբորատորիայի բժշկուհուն և մայրապետին:
Դատավոր Լևոն Ավետիսյանը ներկայացված միջնորդության քննարկումը հետաձգեց մինչև որոշակի հանգամանքների պարզաբանումը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 26-ին: