Դավութօղլուն Ջոն Քերիի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը:
Դավութօղլուն ընդգծել է, որ ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ի սենատում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչող բանաձևի առաջ քաշումը հարուցել է Թուրքիայի կառավարության մտահոգությունը:
Դավութօղլուն հավելել է, որ ամեն տարվա ապրիլի 24-ից առաջ արտերկրում թափ են հավաքում Թուրքիայի դեմ ուղղված գործողությունները՝ հույս հայտնելով, որ այս անգամ գործընթացը կունենա «բարեհաջող ավարտ»:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև Սիրիայի ու Եգիպտոսի հարցերը: Ընդգծվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ Սենատի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից առաջ: