Վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը
Այսօր Արդարադատության նախարարությունը հրապարակել է Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Ժամը 12-ին այն ներկայացվել է նախագահ Սերժ Սարգսյանին: Ավելի քան 40 էջանոց այդ փաստաթուղթը բազմաթիվ հետաքրքիր, սենսացիոն դրույթներ է պարունակում:
Դրանց առանձին-առանձին անդրադառնալու առիթներ կունենանք առաջիկայում: Մինչ այդ արձանագրենք, որ փաստորեն Հայաստանի Հանրապետության նոր վարչապետի նշանակման օրը կամ նախօրեին հրապարակված Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, որով նախագահը դառնում է խորհրդանշական, արարողակարգային պաշտոնյա:
«Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նման կարգով ընտրված Հանրապետության Նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնել վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները։ Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա չունի ուղղակի ներգրավվածություն քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական է, անաչառ և կատարում է, առաջին հերթին, հաշտարարի ու միջնորդի դեր՝ ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն։ Դա համակարգային կայունության ապահովման ամենագործուն երաշխիքը կարող է դառնալ»,- նշված է հայեցակարգում, որն արդեն վարչապետի համար նախատեսում է հետևյալ լիազորությունները.
«Վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև: Սահմանադրական երեք մարմինների միջև իշխանությունների գործառութային բաժանումը տվյալ դեպքում կլինի առավել հստակ։ Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, իսկ Հանրապետության Նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը»: Ըստ հայեցակարգի, նոր մոդելով կլինի «միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ, առանց դուալիստական գործադիր իշխանության վտանգի, հատկապես երկրի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը և պաշտպանությունը»:
Բացի այդ, շեշտվում է, որ «չի կարող լինել խորհրդարանի և Հանրապետության Նախագահի միջև առճակատում, քանի որ Հանրապետության Նախագահը կլինի վերկուսակցական անաչառ արբիտր»: Պակաս ուշագրավ չէ նաև այն դրույթը, ըստ որի՝ ««պատահական» անձանց իշխանության գալու վտանգը և իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ և հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը…»:
Մի խոսքով, նոր կառավարման համակարգում, ինչպես և կարելի էր սպասել, իրական իշխանությունը պատկանելու է վարչապետին, որի պաշտոնում նշանակվելու է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը:
Ակնհայտ է, որ այս փոփոխությունները հենց այսօր են հրապարակվել ոչ թե պատահաբար, այլ խիստ մտածված, հաշվարկված: Այս քայլով նախագահ Սերժ Սարգսյանն առանց այլևայլությունների՝ ուղերձ է հղում բոլորին՝ հասարակությանը, քաղաքական ուժերին, որ պատրաստվում է իշխանության մնալ նաև նախագահության երկրորդ ժամկետից հետո:
Ինչ վերաբերում է նախագահին, ապա ակնհայտ է, որ այս հայեցակարգով այդ պաշտոնն առաջարկվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ավելին՝ կարծես նախագահի պաշտոնի բնութագիրը գրված լինի անձամբ նրա համար և այդ նպատակով է ամրագրվել նախագահի թեկնածուի՝ ոչ կուսակցական լինելը: Բացի այդ, Քոչարյանը, հիշեցնենք, ինքն էր իրեն բնորոշել՝ որպես «արբիտր»՝ վերկուսակցական գործիչ, ինչը, փաստորեն, Սերժ Սարգսյանն առաջարկում է ամրագրել սահմանադրորեն:
Այսպիսով, անկախ նրանից՝ ով կնշանակվի վարչապետի պաշտոնում այսօր կամ վաղը, կարելի է արձանագրել, որ եթե ֆորսմաժորային զարգացումներ չլինեն, վարչապետի պաշտոնը ստանձնելու է Սերժ Սարգսյանը՝ մոտակա կամ ոչ այնքան մոտակա ապագայում: Հասկանալի է, որ այսօր վարչապետ նշանակվող անձի խնդիրը լինելու է այդ պաշտոնի պահպանությունն ու հանձնումը Սերժ Սարգսյանին՝ 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո: