Բաժիններ՝

Իտալացին ստացել է 6.4 միլիոն դրամ՝ ՀՀ պետբյուջեի փողերը քամուն տալու համար

ՀՀ Վերահսկիչ պալատն իր 2013թ. Հաշվետվության մեջ անդրադարձել է «Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը»  ծրագրին, որտեղ մի շատ ուշագրավ, ինչ-որ տեղ նաև զավեշտալի դրվագ կա։ Նախ նշենք, որ ծրագրի նպատակն է` աղքատ և փոքր սեփականատերերին հայկական մրգի և ընկուզեղենի արտադրության մեջ ներգրավելով մեծացնել նրանց ունեցվածքն ու եկամուտները: Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին և այն իրականացնում է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն: Ծրագրի բյուջեն կազմում է 13.5 մլն ԱՄՆ դոլար: Ակնկալվում էր իրականացնել շուրջ 700հա ծիրանի, դեղձի և ընկուզեղենի այգիների հիմնում` 400-500 մանրածավալ, աղքատ գյուղացիական տնտեսությունների հետ: ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ բաղադրիչի իրականացման տեմպերը շատ ցածր են: Պարբերաբար կրճատվում են համապատասխան տարիներին ստեղծվելիք այգիների տարածքները: Նույնիսկ այդ դեպքում` փաստացի հիմնված այգիների տարածքը հեռու է ծրագրավորված ցուցանիշներից:

Սակայն զավեշտալին հետևյալն է։ Ծրագրի շրջանակներում իտալական կազմակերպությունից ձեռք է բերվել 10000 հատ ընկուզենու պատվաստացու` 16.5 մլն դրամ արժեքով, որոնք պետք է պատվաստվեին ՙԱրագածոտնի ԳԱՄԿ՚ ՓԲԸ-ից 4.8 մլն դրամ արժեքով ձեռքբերված 10000 հատ ընկուզենու սերմերից ստացվելիք պատվաստակալներով:

Ստուգմամբ պարզվել է, որ

1. Իտալիայից ձեռք բերված 10000 հատ ընկուզենու պատվաստացուները 16.5 մլն դրամ արժեքով ամբողջովին փչացել են իտալացի փորձագետի կողմից կատարված պատվաստման արդյունքում:

2.         Նույն պատվաստման արդյունքում փչացել է նաև «Արագածոտնի ԳԱՄԿ» ՓԲԸ-ից ձեռք բերված 10000 հատ պատվաստակալներից 3640 հատը` 1.7 մլն դրամ արժեքով: Մնացած 6360 հատ պատվաստակալների հետագա օգտագործումը հարցականի տակ է: Ընդ որում` այդ 6360 հատ պատվաստակալների  պահպանման և խնամքի համար լրացուցիչ ծախսվել է 2.1 մլն դրամ:

Եվ զավեշտի գագաթնակետը՝  վերոնշյալ պատվաստումների մեթոդի և սցենարների մշակման, ինչպես նաև` այդ պատվաստման նախապատրաստական աշխատանքների համար իտալացի փորձագետին վճարվել է շուրջ 6.4 մլն դրամ: Փաստորեն, մեր պետությունն այնքան հարուստ է, որ իտալացի փորձագետին մեծ գումարներ է վճարում՝ պետբյուջեի փոխերը քամուն տալու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս